ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ը (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվում է «1991 ստորաբաժանումի» ստեղծումը:
Փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն Դավիթ Տոնոյանը (ՀՀ ՊՆ), Արմեն Օրուջյանը (FAST), Լևոն Պետրոսյանը («Հայ Տեք»):
«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:
«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան.
• անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝
շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք,
• աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում,
• ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:
Հուշագրով FAST հիմնադրամին վերագրված է ծրագրի բովանդակային աջակցության իրագործումը: FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար: FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ:
Ծրագրի ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարիների ընթացքում կստեղծվի զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում հասնել արդյունքների առևտրայնացմանը»: