ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է:
Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության: Հետևաբար՝ հակամարտության հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե Ադրբեջանը չի ընդունում այս պարզ իրողությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, հետևաբար չի ուզում հանգուցալուծում: Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական, մերժողական ու ռազմատենչ հայտարարությունները, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով կարող է գրավել Արցախը, Ադրբեջանում տարվող պաշտոնական հակահայկական քարոզը հիանալի կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության հանգուցալուծում, բանակցություններում ազնիվ չէ և էլ ավելի ամրապնդում այն անբեկանելի փաստարկը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Հ.Գ. Փորձեցի հաշվել, թե վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արտահայտած գաղափարներն ով է ավելի շատ քննադատել և փորձել սխալ հանել՝ ադրբեջանցի պաշտոնյաները, թե հանրապետականները: Առայժմ հաղթում են հանրապետականները»: