Լսելով ՀՀ վարչապետի «100 փաստ Նոր Հայաստանի մասին»-ը, որոշեցի մի երկու տասնյակ փաստ էլ ինքս ներկայացնել առ այն, որ Նոր Հայաստանում էական ոչինչ չի փոխվել։ Մի 26 փաստ գրեցի և վերջակետ դրեցի։ Շարունակելու հավես չկա։ Ցանկացողներն իրենք կարող են շարունակել։

1. Հին այլանդակ համակարգը մնում է։
2. Սերժիկի սահմանադրությունը մնում է։
3. Սուպերվարչապետությունը, որ ստեղծվել էր նախորդ ղեկավարի համար, դեռ մնում է։
4. Սերունդ կրթելուն և դաստիարակելուն միտված, սակայն սերունդ փչացնող 12-ամյա այլանդակ կրթական համակարգը մնում է։
5. Քաղաքացիներին և սերունդ այլասերող հեռուստաալիքները շարունակում են իրենց սև գործը։
6. Հակառակ Նիկոլի նախկին ելույթների՝ ԱԺ ամբիոնից, պաշտոնյաները շարունակում են թրևել ծառայողական ավտոմեքենաներով (պադավատներով)։
7. Պրոֆեսիոնալիզմից մղոններով հեռու ԱԺ պատգամավորների թիվը ոչ թե կրճատվել, այլ երեք տասնյակով ավելացել է։
8. Երկիր թալանելու և երկիր ավերելու համար որևէ բարձրագույն պաշտոնյայի դեմ քրեական գործ չեն հարուցել։
9. Ավելին, նրանցից ոչ մեկը անգամ պատասխանատվության չի ենթարկվել, քաղաքական գնահատական չի տրվել նրանց ազգադավ գործունեությանը։
10. Նախկին դատաիրավական համակարգը մնում է՝ գլխավոր գործող անձերով, ովքեր դեռևս չեն խոստովանել ու պատասխան չեն տվել նախկին խայտառակ դատավարությունների համար։
11. Ապրիլյան խառօրյա պատերազմի իրական մեղավորները, երկրի տարածքից թշնամուն հող զիջելու համար մեղավորները չեն պատժվել։
12. Քաղաքացիները սպառած գազի համար շարունակում են կրկնակի թանկ վճարել, և պարզ չէ, թե ինչպես սահմանից երկիր մտած գազը հանկարծ կրկնակի թանկանում է։
13. Երկրի փաստացի ղեկավարը շարունակում է սեփական ժողովրդի աչքերին թոզ փչելու նախկին ավանդույթը։ Ամենաթարմ օրինակը. Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների ոլորտին հատկացվել է 181.6 միլիոն ԱՄՆ դոլար, գրանցվել է 14 տոկոս աճ։ Մինչդեռ վարչապետը հայտարարում է, որ հատկացվել է 730 միլիոն ԱՄՆ դոլար, աճը կազմել է 28 տոկոս։
14. Բարձրագույն պաշտոններում շարունակում են նշանակվել ոչ միայն մասնագետները, ժողովրդի մեջ հարգանք վայելող ազնիվ մարդիկ, այլ վարչապետի ընկեր-ծանոթ-բարեկամները, որ գերազանցապես դիլետանտ են։
15. ՀՀ բնակչության շուրջ կեսն ընդգրկող մայրաքաղաք Երևանի քաղաքապետ է դարձել մարդ, որ տարիներ շարունակ հեռուստաեթերից սերունդ էր այլասերում ու փչացնում, և որը քաղաքապետի իր աշխատավարձը որոշել է ավելի քան 2 անգամ բարձրացնել՝ դարձնելով 1 միլիոն 200 հազար դրամ։
16. Դեռևս ոչինչ չարած, նոր պաշտոնյանները նախորդների պես հնարավորությունը բաց չեն թողնում իրենց պարգևավճարներ շնորհելու։ Ասել է թե՝ պետությունից ու ժողովրդից մի բան կորզելու ավանդույթը չի փոխվել։
17. Արտագաղթը շարունակվում է։
18. Երկրի տնտեսությունը շարունակում է մնալ նույն ողբալի վիճակում։ Մեկ տարում զարգացման որևէ լուրջ ծրագիր չի ներկայացվել։
19. Ինչպես նախկինում, նախապատվությունը տրվում է ոչ թե երկիրն արտաքին վտանգից պաշտպանողներին, այլ երկրի ներսում փաստորեն իշխանությունների անվտանգությունը պաշտպանողներին։ Ոստիկանների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացվել է։
20. Նախկինում քննադատվող արագաչափերը, պարզվում է, շատ օգտակար «ատրիբուտներ» են և օգնում են լցնել պետական գանձարանը։
21. Թիկնապահներ պիտի ունենան երկրի առաջին դեմքերը, ՊՆ ղեկավարը, արտգործնախարարը և մեկ-երկու այլ բարձր պաշտոնյա, բայց բազմաթիվ պաշտոնյաներ, ինչպես նաև օլիգարխներ շարունակում են շրջել թիկնապահներով և իրենց ուղեկցող ավտոշարասյունով։
22. Ռաբիսը շարունակում է իր հաղթարշավը ոչ միայն հեռուստաէթերում, այլև գրեթե բոլոր ոլորտներում ու հատկապես քաղաքական դաշտում՝ ի դեմս ռաբիս, ոչ կոմպոտենտ ու տգետ պաշտոնյաների։
23. ԱԱԾ արխիվները շարունակում են փակ մնալ, իլյուստրացիա չկա, բայց փոխարենը մի տարի հետո մեզ հայտնում են, որ իբր ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացվել։ Մնում է կռահել, թե ինչ փաստաթղթեր և ինչու այդ մասին մեկ տարի հետո է ասվում։
24. Արցախի հանդեպ շարունակվում է նախկին քաղաքականությունը. պետք է՝ մի ազգ ու մի պետություն ենք, պետք է՝ մենք հայկական երկու պետություններ ենք։
25. Շարունակվում է նախկին խորհրդավոր լռությունը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի միացման մասին որոշման խնդրում։
26. Խոստացված թռիչքաձև զարգացումն այդպես էլ մնաց անկատար։ Փոխարենը ոչխարաբուծությանը զարկ տալու ծրագիր են մեզ հրամցնում։

Հ.Գ. – Հիշեցնեմ, որ այս ամենը գրել եմ խոր ցավով, քանի որ ոչ մի բան փոխվելը ոչ թե մեզ՝ ժողովրդին է ձեռնտու, այլ ներքին ու արտաքին թշնամիներին, որոնք իրենց ստորությամբ ու նենգությամբ մեկը մյուսին չեն զիջում։ Հուսով եմ, որ կգա ժամանակ, երբ այլևս չենք կարող նման փաստեր գտնել։ Հակառակ դեպքում որպես ազգ և պետություն աստիճանաբար վերանալու ենք մեր «կոտրած տաշտակով»։

Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան գրառումներից: