ԱԺ «Լուսավոր Հայաստան » խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրեական գործ հարուցելու պահանջի մասին
Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ երկու օր առաջ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ.
Ընթացիկ տարվա հուլիսի 06-ին «Առաջին ալիք» լրատվականի ֆեյսբուքյան էջը հրապարակել է մանրամասն տեսանյութ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ-ի) շենքի սեփանաշնորհման գործընթացում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների և հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան համարվող այդ շինության անօրինական ձևափոխման վերաբերյալ։
Ներկայացված տեղեկությունների վերլուծությունը վկայում է հանցագործությունների շղթայի ու դրանց կոծկման փաստերի առկայության մասին։
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը՝ խնդրել եմ տեսանյութում ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ինչպես նաև գործի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել նաև ինձ»։