Ինձ համար դժվար ա գտնել ավելի զզվելի բան, քան հայկական հարսանիքները։ Մեր «Ավանդական» հարսանիքների ժպիտները, կենացները, ֆոտոսեսիաները, վիդեոները – կեղծ, ռաբիզ, զզվելի բաներ են։ Հայերի արած հարսանիքները տեղով կեղածվորություն են։

Հարսների 90 տոկոսը' սիրուն աղջիկներ են, բայց «գեղեցկության» սրահում էն աստիճան են իրանց !@#$%^ անում, որ տակը իրանց չես ճանաչում։ Փեսեքի 99 տոկոսը հարսանիքի ժամանակ առաջին անգամ ա փողկապ կապում ու հիմար ձևի ժպտում, հրավիրված տղամարդկանց 99 տոկոսը փողկապը սխալ ա կապում։ Հարսանիք վարողների 99 տոկոսը էն աստիճան անճաշակ ու գարշելի երևույթներ են, որ հյուրերի համար պիտի հատուկ հետ տալու տոպրակներ դնեն, ինչպես ինքնաթիռներում' որովհետև հենց սկսում ա խոսել' սիրտդ խառնում ա։

Իմ իմանալով մարդը խոշոր կոտոշավոր անասունից տարբերվում ա նրանով, որ չի կարող մի օրում 100 կիլո ուտել։ Էն, ինչը հարսանիքներին (մանավանդ հարուստների) մատուցվում ա մի օրում, նորմալ մարդը ուտում ա մի ամսում։ Դա ի՞նչ ա։ Շքեղությու՞ն։ Իմ կարծիքով դա ա հետամնացություն ա, բռիություն, խեղճություն - և մեծ հաշվով հիմարություն։ Էդքան լափ լցնում են խոզերի առաջ, որ շատ ուտեն, ճարպակալեն ու մորթվեն։ Մարդու առաջ ինչու՞ եք դնում էդքան ուտելիք' մեկը հարցնող լինի։

Անկեղծ ասեմ, ես առաջին ու վերջին անգամ հարսանիք եմ գնացել 2006 թվին։ Գիտեք, մարդը առանց սարկոֆագի Մարս մոլորակի վրա դիմանում է 8 րոպե։ Ես էդ հարսանիքին առանց սարկոֆագ էի գնացել ու դիմացա 5 րոպե, որից հետո հասկացա, որ եթե դուրս չգամ, էդ ռաբիզությանը օրգանիզմս չի դիմանա։ Դուրս եկա ու ինքս ինձ խոստացա, որ այսուհետև կամավոր - որևէ հարսանիքի չեմ մասնակցելու։

Բայց ԱՄԵՆԱԶԶՎԵԼԻՆ էս ամեն ինչի մեջ էն ա, որ հյուրերը փող են տալիս' իբր թե նվեր։ Քանի հոգով որ գնացել են' էնքան հոգու տեղը «նվեր» են տալիս։ Նողկալի ա էդ ամենը։ Էլ քանի՞ կոպեկ արժի էդ հրավերը։ Հյուրերի կեսին, եթե ոչ մեծ մասին հարսն ու փեսեն էդ օրը տեսնում են առաջին ու վերջին անգամ։ Լիքը մարդկանց կեղծավոր հրավիրում են, որովհետև ամոթ ա չհրավիրելը։ Ու էդ հրավիրվածները չուզելով գնում են, որովհետև ամոթ ա չգնալը։ Մտքում իրար անիծում են, որ իրար ծախսի տակ գցեցին, իսկ տեսնելուց' կեղծավորաբար ժպտում։ Ավելին ասեմ' մարդ կա' փող չունի, բայց էդ ամեն ինչը անում ա վարկով։ Դա արդեն խելագարություն ա։ Խելագար մարդկանց չի կարելի վարկ տալ իմ կարծիքով։

Էս վերջերս էլ թազա մոդա ա ընկել' հերիք չի ռաբիզ հարսանիք են անում, հերիք չի ֆիլմ են նկարում' հետն էլ դնում են Յություբ, ու վերնագրում են, ասենք «Baghdasar and Parandzem Wedding»։ Ինչու՞ անգլերեն։ Դե որ Նոր Զելանդիայից մեկը յություբում պոիսկ տա' գտնի, բա կարևոր վիդեո ա դա աշխարհի համար… տենց են մտածում իրանք։

Կարճ ասած' մեր հարսանիքները նույնքան հետամնաց և բռի են, ինչքան մեր հասարակությունը։ Ամեն ինչ արվում ա մենակ մի նպատակով – որ ուրիշները տեսնեն։ Ախր մեղք եք դուք, մեղք են ձեր երեխաները, մեղք են հարսն ու փեսան, մեղք են հյուրերը, մեղք ա քավորը, մեղք ա վարողը։ Մեղք չեն միայն երաժիշտները, ռեստորանի տերերը և ատրիբուտներ վաճառողները, որոնք լիքը փող են աշխատում միայն էն բանի շնորհիվ, որ դուք մեղք եք։

Եթե մեղք չլինեիք, կիմանայիք, որ սիրո վրա հիմնված ամուսնությունը կարիք չունի ցուցադրության։ Սերը ներքին զգացողություն ա, երջանկությունը ցուցադրական չի լինում։ Եթե դուք լինեիք կիրթ մարդիկ, փսլնքոտ լակոտի ինքնահաստատման կարիք չունենայիք, դուք ձեր հարսանիքներին Լիխտեյնշտեյնի բնակչության չափ մարդ չէիք հրավիրի, այլ ձեր երջանկությունը կնշեիք դուք ձերոնցով, հաճելի մթնոլորտում, ազատ, առանց պարտադրանքի ու առանց գռեհկության ու չէիք մտահոգվի, թե «մարդիկ ինչ կմտածեն»։