ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը թակարդն ընկած Բեզոարյան այծի դեպքի մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության վրա հայտնաբերել է թակարդում հայտնված Բեզոարյան այծ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն Բեզոարյան այծին չեն հայտնաբերել, քանի որ Հակոբյանը վիրավոր կենդանուն բաց է թողել վայրի բնություն, հետևաբար, կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել:
Տեսչական մարմնի աշխատակիցները, WWF-հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին, ողջ գիշեր օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին և այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։ Սակայն, չնայած նախնական պայմանավորվածության, Ս. Հակոբյանը Բեզոարյան այծի թակարդն ընկնելու մասին տեղեկատվությունը և լուսանկարները տեղադրել է համացանցում, այդ իսկ պատճառով որսագողերն առայժմ հայտնաբերված չեն։
Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բնապահպանական իրավախախտումներ արձանագրելիս անհապաղ կապ հաստատել Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների հետ, ինքնուրույն ոչինչ չնախաձեռնել, հետևել աշխատակիցների ցուցումներին, ընձեռել հնարավորություն՝ վնասվածքներ ստացած կենդանիներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում որսագործիքից տուժած քարայծի լուսանկարներ է և գրել․ «Ժողովուրդ ջան, էսօր ես իմ ձեռքով եմ հանել էդ խեղճին թակարդից: Նորավանքի ճանապարհին է, ոտքն ամբողջությամբ կտրված էր, խնդրում եմ տարածեք, թող հասնի անտառտնտեսության քնած անդամներին»։