Արմեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ապրիլյան իշխանափոխությունից հետո «նոր» Հայաստանում կարծես սովորական է դարձել, որ հասարակության մեջ բաժանարար գծեր են գծվում, և մարդկանց բաժանում են յուրայինների և օտարների: Ու ամենամտահոգիչն այն է, որ իշխանությունն օգտագործում է վարչական լծակները և իր կոմպլեքսներից, մտասևեռումներից ելնելով' պատժում իրենց համար օտարներին, որոնց միակ մեղքն այն է, որ այդ մարդկանց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխող ուժի և նրա առաջնորդի քաղաքական գծի հետ:
Եվ «սիրո և հանդուրժողականության», ըստ ոմանց' «ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Հայաստանում կարծես թե սովորական է դարձել, երբ մարդկանց զրկում են իրենց աշխատանքից միայն այն պատճառով, որ իրենց քաղաքական հայացքները հաճելի չեն գործող իշխանություններին և երկրի վարչապետին: Երկրում ստեղծված իրավիճակն արդեն այն աստիճան աբսուրդի է հասել, որ աշխատանքից հեռացնում են նույնիսկ համացանցում հրապարակված ընդամենը 1 նկարի պատճառով:
Ամիսներ առաջ Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արա Բաղդասարյանը, ով միշտ ըստ արժանավույնի է գնահատել Ռոբերտ Քոչարյանի ավանդը հայոց պետականության կայացման գործում, ցանկություն հայտնեց հանդիպել երկրի երկրորդ նախագահի հետ: Դիմեց ինձ, և ես նրան հրավիրեցի Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների հանդիպմանը, որի ժամանակ մի ուշագրավ լուսանկար է արվել, որտեղ Արա Բաղդասարյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռնամարտի են բռնվել: Շատ գեղեցիկ և միայն դրական էմոցիաներ առաջացնող նկար ստացվեց, որը, սակայն, հայ-անդորրական հարաբերությունների զարգացման համար մեծ ջանքեր գործադրած Արա Բաղդասարյանի համար ճակատագրական դարձավ: Նկարի՝ համացանցում հայտնվելուց հետո նրան զանգահարեցին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնեցին, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:
ՀՀ իշխանությունները, փաստորեն, մոռացել են' ինչի համար են ընտրվել: Իսկ եթե մոռացել են, ուրեմն պետք է հիշեցնել, որ ժողովրդի կողմից իրենց պաշտոնների են նշանակվել ոչ թե քաղաքական հայացքների պատճառով մարդկանց հալածելու, այլ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:
Հուսամ՝ ականատես չենք լինի նրան, որ վաղը «Դուխով» գլխարկ չհագնելու համար մարդկանց պաշտոնանկ կանեն կամ կունեզրկեն»: