Երեկ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեններն ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ. «Եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի...»:
ԼՈՒՐԵՐ.com-ը առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեց ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ, ով նշեց, որ զանգեր ստացել է 4 բուժհաստատություններից, որոնցից 2-ը եղել են մարզային:
«Ես հաճույքով կբարձրաձայնեի ահազանգողների անունները, սակայն, ցավոք, իրենք չեն ուզում, իսկ դա իրենց իրավունքն է: Բայց «Աստղիկ» ԲԿ-ի պաշտոնական էջում արդեն կա գովերգող հայտարարություն: Իսկ Էրեբունի, Արաբկիր և այլ բժշկական կենտրոններ լրատվամիջոցների միջոցով գովերգեցին: Նախարարի այսպիսի պահվածքը պաշտոնի չարաշահում է»,- ասաց Գրիգորյանը:
Նշենք, որ Գևորգ Գրիգորյանի այս հայտարարությունից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոնի պաշտոնական էջում հայտնվեց հետևյալ գրառումը:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց հայտարարությունը. «Արսեն Թորոսյանն ու Առողջապահության նախարարությունը պարապ չէ, բազմաթիվ կարևոր գործեր կան, որոնցով զբաղված ենք: Նման հայտարարություն տարածողը պիտի փաստեր էլ ներկայացնի, անուններ հրապարակի: Ես հերքում եմ, նման բան լինել չէր կարող, իսկ Աստղիկ, Արաբկիր և Էրեբունի բժշկական կենտրոնները մասնավոր են, և իրենք են պատասխանատու իրենց հայտարարությունների համար»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալվել էր մանկական ուռուցքաբան, արյունաբան, Առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանի կողմից: Նախարարը հայտարարել էր, որ դա ուղղորդված է եղել Արմեն Մուրադյանի կողմից։