Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը։ Այս մասին գրում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան:
Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետեւ տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ եւ տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն' ստոծանու պլաստիկա:
Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երեւան' «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Երեխայի մոտ արդեն կա դրական տեղաշարժ, գիտակցության է եկել: Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր կայուն»,–նշել է նա: