ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մի քիչ էլ իմ մտքերն Ամուլսարի մասին։

Ռիսկերի կառավարումն աշխարհում երիտասարդ մասնագիտություն է և բուռն զարգացում է ապրել 1980-ական թվականներից սկսած։ Արդեն 10 տարուց ավել է այդ ուղղությամբ մասնագետներ Հայաստանում պատրաստում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնը։ Ամբիոնը պատրաստում է ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետներ և լավագույն շրջանավարտները միանգամից աշխատանքի են անցնում Կենտրոնական բանկում, ֆինանսական կառույցներում և ապահովագրական կազմակերպություններում։ Այլ տիպի ռիսկերի կառավարման մասնագետներ, իմ իմանալով, Հայաստանում չեն պատրաստվում։

Ամուլսարի հետ կապված կան երկու տեսակ ռիսկեր՝ ֆինանսական և բնական։ Վերջինս իր մեջ ներառում է ինժեներական, բնապահպանական, երկրաբանական վերլուծություններ և ռիսկերի գնահատումներ։ 
ԵՊՀ-ում ծանր ժամանակներ ապրող աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնական ծրագրերում նման բաներ չկան։ Սովետական ժամանակի ծրագրերը (երբ դեռ ռիսկերի կառավարումը հստակ ձևավորված ուղղություն չէր) ռիսկերի մասին ոչինչ չէին ասում ու, ցավոք, նույն ծրագրով սովորում են առ այսօր։

 

Գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարել են 1 շաբաթվա ընթացքում Ամուլսարի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տալ եզրակացություն։ Ինքս 14 տարի աշխատելով ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում՝ կարող եմ փաստել, որ ոչ Մաթեմատիկայի ինստիտուտը, ոչ էլ երկրաբանության ինստիտուտը չի կարող օբյեկտիվորեն տալ գնահատական, քանի որ երկու ինստիտուտներից ոչ մեկն էլ չունի համապատասխան ռիսկերի գնահատման պրակտիկ մասնագետների խումբ։ Պետք է հասկանանք, որ ռիսկը բազմաչափ է և մեկ ԱՅՈ կամ ՈՉ-ով չի գնահատվում։

Դրա փոխարեն ինձ համար հիմնասյուն է Lilit Gevorgyan-ի կարծիքը, ով ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում 6 տարի սովորելուց հետո մասնագիտացավ երկրաբանության ոլորտում և 2012-2016 թվականներին ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ հետազոտություն է կատարել Իտալիայի Պավիա համալսարանում։ Մեկնաբանություններում տեղադրում եմ իր հետ հարցազրույցը»։