12:02
«Մի երկու բան Սանիթեքի պարտականությունների մասին». Դավիթ Խաչատրյան

Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սանիթեքի հետ Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրով աղբահանության և սան. մաքրման ծառայության դիմաց վճարվում է տարեկան 5.1 մլրդ դրամ (մոտ $10.7 մլն): Պայմանագրի համաձայն Սանիթեքին փոխանցվող ամսական վճարումները կազմում են 428 մլն դր.:
Համաձայն պայմանագրի՝ պարտականությունների չկատարման կամ թերի (անբարեխիղճ աշխատանքի, ժամկետների ուշացման, անորակ և այլն) կատարման համար քաղաքապետարանը կարող է տուգանել Սանիթեքին:
Այսպիսով, 8 ամսվա համար ամբողջ տուգանքը կազմել է 330 մլն դր.: Տվյալ պահին Սանիթեքը բողոքարկում է տուգանքները դատարանում և հրապարակայնորեն պահանջում է տուգանված ամբողջ գումարի հետվճարում՝ սկսած տարվա սկզբից:
Իսկ հիմա եկեք հասկանանք իրավիճակը. 428 մլն x 8 ամիս = 3.42 մլրդ դր. (կստանար Սանիթեքը, եթե ծառայությունները մատուցեր 100%-ով՝ համաձայն պայմանագրի), քաղաքապետարանը տուգանել է 330 մլն՝ 8 ամսվա համար, այսինքն 3.42 մլրդ-ի 9.6%-ի չափով: Ընդառաջ գնալով Սանիթեքին և չցանկանալով վերջինիս վերջնական ոչնչացումը, վճարվել է այնքան գումար, որքան կտրվեր, եթե Սանիթեքը կատարեր իր պարտականությունները 90,4%-ով: Սանիթեքի կատարողականի վերաբերյալ դատողությունները թողնում ենք յուրաքանչյուրիս պատկերացմանը:
Ի դեպ, մի երկու բան Սանիթեքի պարտականությունների մասին. Եվ այսպես, համաձայն պայմանագրի.
1. Երևանում պետք է լինի թվով 16’000 ՄԵՏԱՂԱԿԱՆ աղբաման (առկա է մոտ 4’000 պլաստիկ կիսամեռ տարաներ): Կատարողական՝ հազիվ թե 25%,
2. Աղբամանները պետք է լցված լինեն առավելագույնը 80%-ի չափով (այստեղ կարելի է լռել և չնշել, թե քանի տոկոսով է այն կատարվում),
3. Աղբահանությունը պետք է կազմակերպի Սանիթեքը՝ իր հաշվին, սակայն քաղաքապետարանը վերջին 10 ամիսների ընթացքում ձեռք է բերել և գործածում է 9 ձնամաքրող և 25 աղբատար մեքենա, իսկ 25 աղբատար էլ ճանապարհին է (այստեղ նույնպես պետք է լռել):

Քաղաքապետարանը հատկացնում է լրացուցիչ միջոցներ Սանիթեքի չկատարած աշխատանքը կատարելու համար:

Այսքանից հետո Սանիթեքը դադարեցնում է քաղաքի սպասարկումը և արդեն 7-րդ օրն է դուրս չի բերում և ոչ մի աղբատար մեքենա և սան. մաքրման աշխատակիցներին, թե բա. «մեզ վճարել են հասանելիք գումարի 90.4%-ի չափով, այլ ոչ թե 100%-ը, չէ՞ որ մենք իդեալական կատարում ենք մեր պարտականությունները»:

Սաբոտա՞ժ, այստեղ նույնիսկ այլ բանի հոտ է գալիս»:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս