19:37
«Արցախը հռչակվեց ազատ և անկախ պետություն, որ վերադառնա Մայր Հայաստանին». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991թ-ի այս օրը, սեպտեմբերի 2-ը, վճռորոշ էր արցախահայության համար: Կա՛մ պետք է հլու հնազանդ ենթարկվեին ի սկզբանե պատմության ուղին սխալ ընթացքի մեջ դրած խորհրդային կայսրությանը, կա՛մ իսկապես վերականգնեին պատմական արդարությունը, որի հնարավորությունը այդ ժամանակաշրջանը ընձեռել էր:

Իհարկե, ազատատնեչ Հայը չէր կարող մնալ շղթայված և իրավական փաստաթղթով որոշեց, որ անկախանում է մի շինծու պետությունից, որը ստեղծվեց ոչ թե ազգային գաղափարախոսության հիման վրա, այլ մի քանի բնիկ ազգերի և ցեղերի միաձուլմամբ քաղաքական որոշ նպատակների համար:

 

1991թ-ից հիմք դրվեց նորանկախ Հայաստանին վերադարձնելու կորսված հայրենիքի մի հատվածի գործընթացի սկիզբ, որը մինչև հիմա շարունկվում է:

Արցախի անկախությունը իրավական առումներով ամրագրելը պարզապես անհրաժեշտություն էր հետագա քաղաքական գործընթացների համար: Եթե Արցախը հապաղեր, ապա 1991թ.-ի օգոստոսի 30-ին իրեն անկախ հռչակած Ադրբեջանը կուլ էր տալու Արցախին և ոչ միայն Արցախին… Արցախը հռչակվեց ազատ և անկախ պետություն, որ վերադառնա Մայր Հայաստանին, որ վերակնգնվի պատմական արդարությունը… Այո՛, անկախ ու ազատ Ադրբեջան անունով պետությունից, դուրս նրա տիրապետությունից, նրա վարած վայրագ հակահայ և հայատյաց քաղաքականությունից: Արցախն անկախացավ ու ապացուցեց ողջ աշխարհին, որ կարող է լինել անկախ ու լինել ամենալավը էն անվանակարգի մեջ, որը կոչվում է չճանաչված պետություն…

Անկախ այն բանից, թե դրսի ուժերի համար ինչ իրավական ձևակերպում ենք տվել Արցախին, միևնույն է՝ Արցախը Հայաստան է և վե՛րջ, ինչպես Գեղարքունիքն ու Կոտայքը իմ հարազատ մարզերն են, այնպես էլ Արցախն է իմ հարազատ ու ազատագրված մարզը… Շնորհավոր տոնդ Արցախ աշխարհ, այլևս ազատ ես օտարի լծից… Հաստատ մի օր մեր տոնական օրացույցում ավելանալու է պաշտոնական վերամիավորման օրը…»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս