Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապված վարչապետ Փաշինյանի երեկ ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված ՀՀ դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հավաքի ընթացքում արտահայտած այն պնդման հետ, որ, ի սկզբանե, բանակցություններում մասնակից երեք կողմ է եղել: Բանն այն է, որ մինչև 1993-ի տարեմուտը ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված չի եղել, որպես հակամարտության կողմ, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունն էլ դիտարկվել է որպես արցախյան հակամարտությունից առանձին մի գործոն: Այդ ընթացքում արցախյան հակամարտության գոտում գործել է բանակցային երկկողմ՝ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափը: Սրա վկայությունն են նաև 1993-ի ընթացքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերը: Հայաստանն ինքն իրեն ճանաչեց որպես հակամարտության կողմ միայն 1993-ի նոյեմբերի վերջին ՌԴ հատուկ բանագնաց, դեսպան Կազիմիրովի կողմից Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում հայտնի զինված միջադեպը սադրելուց հետո՝ Մոսկվայից դրան հետևած կոշտ ճնշումների արդյունքում: Այսպիսով, հաստատվեց հակամարտության եռակողմ ձևաչափը, որն ավելի ուշ կրկին դարձավ երկկողմ՝ արդեն Ադրբեջան-Հայաստան տարբերակով: Դրանից հետո է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ դադարեցրեց հարցի վերաբերյալ իր որոշումների շարքը:
Այս համատեքստում կարևոր է, որպեսզի թեʹ վարչապետը, թեʹ մեր մեր դիվանագետները հստակ պատկերացնեն իրադարձությունների հաջորդականությունն ու կայացված որոշումների իրական պատճառներն ու գործնական հետևանքները»: