Հաճույքի և հաջողության կոճակը:
Ցանկացած մասնագետ, քաղաքական գործիչ, անկախ իր աշխարհայացքի լայնությունից ու գիտելիքների խորությունից, ունի մեկ-երկու իր սիրված գործիքների տեսականին։ Թվում է, թե կարելի է ընտրել ցանկացածը, բայց ոչ։ Գործիքների ընտրությունը սերտորեն կապված է անձի հետ ու բխում է իր իսկ դավանած գաղափարախոսությունից։
Գիտափորձ - մկներին ցույց էր տրվում գլխի զգայարաններին էլեկտրական դրական հոսք ստանալու հաճույքի ու կարմիր կոճակը սեղմելու ուղղակի կապը, որից հետո մկները փոխելով վարքագիծը, անընդհատ դրական լիցքեր ստանալու հույսով սեղմում էին կարմիր կոճակը, մինչև ուղեղային կենտրոնների գերգռգռումից ուժասպառ լինելը և մահը։
Նիկոլի կարմիր կոճակը դա "պոպուլիզմն" է։ Մի գործիք, որը իրեն և իր թիմին բերեց քաղաքական իշխանության, բայց և որը կլինի նմանապես իրենց քաղաքական "մահվան" ու ֆիասկոյի պատճառը։
Դիլեման կայանում է նրանում, որ Նիկոլի համար պոպուլիզմը սնուցող պորտալարի դեր է կատարում, և դրանից հրաժարվելը հավասարազոր է արագ տեմպերով անկման։ Բայց իշխանության բյուրոկրատական բուրգի պահպանման օրենքները չեն ենթադրում այդ կառուցվածքի ներսում այն բացարձակ պոպուլիզմը, որը հարիր կլիներ հրապարակներին ու փողոցներին և որը Նիկոլի փրկօղակն է լուրջ մոտեցում և թվային ու տվյալների, կողմնորոշման հստակ արձանագրում պահանջող հարցերում խուսանավելու և պատասխանատվություն չվերցնելու։ Այնտեղ, ուր չկա որոշակիություն և հստակություն, այնտեղ չի կարող լինել պատասխանատվություն։
Եվ ահա այս տրանսֆորմացիայի արդյունքում պոպուլիզմը տանում է մեկ այլ վտանգավոր բևեռ - դեպի դեմագոգիա։
"Իզմ" երի բացակայությունը իբր գործողությունների ազատությամբ և ամեն տեսակ գաղափարախոսություններից վեր ու գերակա լինելով բացատրելը չի դիմանում ոչ մի քննադատության։ Տեսլականի բացակայությունը, հստակ համակարգված ետևողական ծրագրային մոտեցումների իսպառ չգոյությունը, ծրագիրը ցանկությունների ու նպատակների անդեմ հռչակագրի վերածելը ամենեևին էլ վերգաղափարախոսական "խորության և իմաստնության" ցուցիչներ չեն։ Ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի տեսլականը տանում է և ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Հայտնի ռուսական հեքիաթի պես - գնա այնտեղ, չգիտեմ որտեղ, բեր այն, չգիտեմ ինչը։
Հ.Գ. Ճակատագրի հեգնանքով և կարմիր կոճակին սեղմելը, և կարմիր կոճակից հրաժարվելը տանում են Փաշինյանին միևնույն անմխիթար վերջաբանին։ Այն ինչ թույլատրված է Յուպիտերին, արգելված է ցլին։
©️Կարեն Դոլինյան
Հ.Գ.Գ. Ռուբիկոնն անցած է, վիճակը նետված։ Փաշինյանի գերխնդիրն է ձգել, ձգել, ձգել իր և այս խայտաբղետ թիմի իշխանությունը ամեն միջոցներով։