ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է, որ սկսում են աշխատել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ նոր օրենքի շուրջ: Հայրապետյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ինչպես գիտեք, մեր հանձնաժողովի գործունեության տիրույթում են գտնվում ոչ միայն գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի, այլ նաև տեղեկատվության, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները: Հետևաբար, ինստիտուցիոնալ առումով մեզ է վերապահված վերոնշյալ ոլորտների օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
Եվ ուրեմն, սկսում ենք աշխատել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ նոր օրենքի շուրջ: Ինչո՞ւ է սա հատկապես կարևոր. հեռուստատեսությունը և ռադիոն նույնիսկ այս կամ այն ձևական մետամորֆոզների ենթարկվելու դեպքում երկար տարիներ շարունակելու են մնալ մեդիայի կարևորագույն բաղկացուցիչներից երկուսը: Իսկ մեդիան մեկն է այն առանցքային գործիքներից, որոնք ձևավորում են մեր լեզվամտածողությունը, աշխարհայացքը, տեղեկացվածության աստիճանն ու որակը, վերջիվերջո, ինչու ոչ՝ նաև մշակույթը:
Անձամբ ես և իմ գործընկերները բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք պահանջում են ձերբազատել հեռուստաեթերը աղբից: Մարդիկ ունեն իրենց ընկալումը՝ որն է լավ, որը՝ վատ, որը՝ որակյալ, որը՝ աղբ:
Մենք երկար ու բարդ ճանապարհ ունենք անցնելու այս տարաբաժանումները համակարգային կերպով արձանագրելու և կիրառելու համար: Բայց ՀՌ մասին օրենքը միայն եթերի որակյալ բովանդակությունը չէ, չնայած՝ դա այն վերջնարդյունքն է, որը հասնում է հեռուստադիտողին կամ ռադիոլսողին: Դա նաև մեդիա-հասարակություն-պետություն-մեդիա իրավահարաբերություններն են, տեխնիկական չափորոշիչները, համակարգային կառուցվածքները:
ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովը ստանձնում է այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման ողջ պատասխանատվությունը:
Մենք աշխատելու ենք թափանցիկ, հնարավորինս ներառական, մեր դավանած արժեհամակարգային սկզբունքներին համապատասխան, բայց նաև՝ արագ և կոնկրետ. ժամանակ վատնելու իրավունք չունենք: Աշխատանքների իրականացման տեխնիկական մանրամասների մասին կհայտարարենք հընթացս»: