ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հետ կապված մի քանի հարցադրումներ և դրանց հետ կապված իմ կարծիքը.
1. «Լիդիանը» չի կարող մեզ դատի տալ, քանի որ օֆշորային ընկերություն է։
Պատասխան։ «Լիդիանի» դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է։ Հետևաբար, տարածվող լուրերը սխալ են և հիմնականում միտված են մարդկանց մոլորեցնելուն։
2. Հանրաքվե դնել հարցը։
Պատասխան։ Նախ հանրաքվե է դրվում միայն սահմանադրությունն ու սահմանադրական օրենքները, իսկ սա այդպիսի հարց չէ, իսկ տեղական հանրաքվե նույնպես չի կարող լինել, քանի որ սա կառավարության տիրույթի հարց է։ Բացի այդ մարդիկ իշխանություն են ընտրում, որ իշխանությունն իրենց տեղը որոշումներ կայացնի, և պատասխանատվությունն ամեն անգամ չգցի ժողովրդի վրա։ Հանրաքվեն լավ բան է, բայց կարծում եմ` չարժե ամեն հարցում ժողովրդին անհանգստացնել ու խառնել։ ժողովուրդն իր գործն է անում, իշխանությունը` իրենը, եթե լավ չանի, 4 տարի հետո ընտրությամբ իր կարծիքը կհայտնի։ Ժողովրդավարությունը հենց դա է։
3.Ժողովուրդը ուզում է հանքը փակվի։
Պատասխան։ Ո՞վ է ասում, որ ժողովուրդն այդպես է ուզում, իսկ եթե պարտվենք արբիտրաժում, այդ նույն ժողովրդին հարցրե՞լ եք, թե իրենք պատրաստ են, որ իրենց եկամտահարկն ավելանա, կամ թոշակներն ու աշխատավարձը երկար ժամանակով չբարձրանա, կամ բանակի սպառազինության գումարները չավելանան, կամ դպրոցաշինության ու ճանապարհաշինության հարցերը տարիներով հետաձգվեն, ինչ է թե որոշ բնապահպաններ ենթադրյալ ռիսկեր են տեսնում։ Ժողովուրդն ուզում է լավ ապրի, աշխատանք ու բարձր կենսամակարդակ ունենա, Արցախում ու Հայաստանի սահմաններին գերժամանակակից զենքերով զինված բանակ ունենա, ավելին այդ նույն ժողովուրդը ժամանակին հաճույքով իր հողերը վաճառել է «Լիդիանին»։ Ահա թե ինչ է ուզում ժողովուրդը։
4. Մեր ջրերը կաղտոտվեն ու չգիտեմ` ինչեր կլինեն։
Պատասխան։ Ռիսկերն ամբողջովին կառավարելի են և մեր ջրերին ոչ մի վտանգ չի սպառնում, ավելին, եթե վտանգ տեսնենք, օրենքով նախատեսված կարգով 90 օրում չվերացնելու դեպքում հանքը կփակվի։ Իրական խնդիրը ոչ թե այս հանքի հետ է, այլ արդեն իսկ գործողների, որոնց մոտ առկա տեխնոլոգիաներն իրապես մահացու են, իսկ բնապահպանական ռիսկերը՝ հսկայական։ Հետևաբար, իմ կողմից հարգելի բնապահպաններն իրենց սլաքներն այլ տեղ պետք է ուղղեն։
5. Ներդրումները կհոսեն մեզ մոտ, եթե այս հանքը փակվի, քանի որ կդիրքավորվենք, որպես բնապահպանական երկիր։
Պատասխան։ Ճիշտ հակառակը, եթե հանքը փակելուց առաջ աշխարհի առջև չբերենք անառարկելի փաստեր, որ հանքի շահագործումը վտանգավոր է («ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը հակառակի մասին է), ապա, այսուհետ, շատ դժվար կլինի ներդրողին համոզել, որ իր ներդրումները Հայաստանում երաշխավորված են, ինչը կբերի ՕՈՒՆ-ի էական կրճատման՝ իրենից բխող տնտեսական խիստ բացասական հետևանքներով։
6. «ԷԼԱՐԴ»-ը չէր կարող անաչառ լինել և այլն և այլն։
Պատասխան։ «ԷԼԱՐԴ»-ը ոչ միայն ոլորտում հայտնի միջազգային խոշոր փորձաքննող ընկերություն է, այլև հենց միջազգային բնապահպանական ընկերությունների առաջարկով է այդ ընկերությունն ընտրվել, որպես ոլորտի առաջատար փորձաքննող ընկերություններից մեկը»։