ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այդ հավանականության մասին։

Տեղեկացնեմ, որ մինչև «ELARD»-ի փորձաքննության հրապարակումը և նույնիսկ մինչև Լիդիանի պաշտոնական ծանուցումը վեճի մասին՝ կառավարությունը ձեռնարկել էր անհրաժեշտ բոլոր քայլերը` պատշաճ կերպով գնահատելու արբիտրաժային գործընթացի ընթացքում պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և առհասարակ հնարավորությունները:

Ըստ այդմ, շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը, ինչպես նաև մեր քայլերը և անհրաժեշտ գործողությունները ցանկացած սցենարի դեպքում, այդ թվում նաև հավանական արբիտրաժային գործընթացում:

 

Բոլոր հնարավոր զարգացումների պարագայում պետությունը պատրաստ է լինելու արբիտրաժային գործընթացին։ Հետևապես, այն մեղադրանքները, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից և արբիտրաժից, տեղիք է տալիս միջազգային կորպորացիաների սպառնալիքներին, իրականությանը չեն համապատասխանում։

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն: