16:29
«Տասնյակ քաղաքացիներ դարձել են այդ խմբավորման բռնությունների զոհը». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի կենտրոնում մի խումբ անձինք ապօրինի տարածք են զավթել և առանց քաղաքային իշխանությունների թույլտվության սեղաններ են տեղադրել Հյուսիսային պողոտայում և ԱԺ դիմաց: Ոչ մի օրենք թույլ չի տալիս ուզած տեղում սեղան տեղադրել, հասարակական կարգ խախտել, օրերով նույն տեղում նստած անցորդներին սպառնալ, վիրավորել:

Պաշտոնապես դիմել եմ Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանության բաժին՝ անհապաղ հեռացնելու առանց համայնքի ղեկավարի թույլտվության տեղադրված սեղանները: Ոչ ոք իրավունք չունի մեր քաղաքում հանգիստ ու հրապարակային ոտնահարել երևանցիների արժանապատվությունը: Ոստիկանությունն արդեն նյութեր է նախապատրաստել մի քանի քաղաքացիների ահազանգի հիման վրա:

Ինձ դիմել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր քաղաքի կենտրոնում դարձել են այդ խմբավորման բռնությունների զոհը: Ամենազավեշտալին այն է, որ այս խումբը «հայկական արժեքների» քողի տակ ստորագրություններ է հավաքում, որ պաշտպանի բռնության իր իրավունքը»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս