«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ՝ պնդելով, որ այս գործը կեղծ է։
«Կեղծ մեղադրանքներով հանցավոր ռեժիմի ժամանակ կարված գործը շարունակում ենք այսօր այստեղ լսել, իբր թե այդ տվյալների հիման վրա ուզում ենք ճշմարտությունը բացահայտել։ Սպանության մասին մեղադրանքներն ամենակեղծվածն են, որովհետեւ հասկանալի է, որ դրանք ամենածանր մասն է մեղադրանքի։ Հաստատում ենք, որ հատկապես այդ մասով պետք է կոմպլեքս քննություն կատարվի։ Ռեժիմի ժամանակ կատարված քննությունը եւ ներկայացված մեղադրանքը չի կարող արդարադատության համար հիմք եւ ելակետ ծառայել։
Անհրաժեշտ է ինչպես Մարտի 1-ի գործը իսկապես քննել եւ իսկապես բացահայտել, բոլորիս համար ակնհայտ է, որ Յուրի Տեփանոսյանին սառնասրտորեն, քաղաքական նպատակներով զոհաբերել են, խիստ կասկածելի հանգամանքներում մահացել է Գագիկ Մկրտչյանը։
Ես հայտարարում եմ, որ գործը ծայրից ծայր կեղծված է, ապացույցները կեղծված են, այս գործը քննած պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ օրը շուտով գալու է, թող ոչ մեկ չմտածի, որ կարող է պատասխանատվությունից խուսափել։ Իսկ Յուրի Տեփանոսյանին եւ Գագիկ Մկրտչյանին սպանածներն ավելի խիստ են պատժվելու»,-նշեց նա։
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։