ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլոր մարդիկ ուզում են ապրել բարեկեցիկ և լինել հարուստ: Հարստությունն ու բարեկեցությունը երազանքներ են, որոնք միշտ մնում են անկատար, և երբեք ոչ ոք այնքան հարուստ չի լինում, ինչքան ցանկանում է: Սակայն եթե մի պահ շրջանցենք երազանքները և փորձենք հասկանալ բարեկեցության մասին մարդկանց առօրյա, գործնական ցանկությունները, կարձանագրենք, որ մարդիկ, որպես կանոն, ուզում են ապրել այնպես, ինչպես ուրիշները, այսինքն՝ ուզում են ապրել ուրիշների հետ համեմատելի: Եվ մարդիկ այս իրավիճակում, որպես կանոն, «ուրիշներ» ասելով՝ հասկանում են իրենց երկրի մնացած քաղաքացիներին: Եվ սա շատ կարևոր բանաձև է, ընդ որում՝ ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական և պետական:

Տվյալ երկրի քաղաքացիների բարեկեցության համեմատելիությունը կարող է դառնալ այն հիմնարար գործոնը, որը ի վերջո վճռորոշ կլինի պետության զարգացման գործում: Երբ մենք բոլորս ապրում ենք մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց ընդհանուր առմամբ համեմատելի, նշանակում է ազգային հարստությունը, ունեցվածքը շատ թե քիչ հավասարապես է բաշխված, և այս փաստի ազդեցությամբ մեր գիտակցության մեջ ձևավորվում է ընդհանուրի զգացողության այն պարզ բանաձևը, որը հրաշալիորեն արտահայտված է հայկական` «Մի տնից չենք, մի հալի ենք» հանրահայտ ասացվածքում: Ասել է թե՝ մենք բոլորս իրար հետ խոսելու բան ունենք, ասել է թե՝ մենք բոլորս հավասար ենք, հավասար ենք մեր վիճակի, հեռանկարների, պաշտպանվածության և անպաշտպանության մեջ: Այսինքն` բոլորիս առաջ միևնույն խնդիրներն են դրված, և մենք պետք է իրար հետ աշխատենք այդ ընդհանուր խնդիրները լուծելու համար:

Եվ ուրեմն, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այն մարդու միջև, որ չունի ավտոմեքենա, և այն մարդու միջև, որի ավտոմեքենայի արժեքը այս մյուսի ողջ կյանքում ունեցած համախառն եկամուտի կրկնակին է: Ընդհանուր բան, թերևս, կգտնվի. դա հայրենիքի զգացողության թուլացածությունն է: Առաջինը այլևս չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրեն պաշտպանել, երկրորդը չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրենից պաշտպանվել:

Հենց այս իրավիճակն է այսօր ստեղծված Հայաստանում, երբ հարուստները նախկինում ապօրինի ճանապարհով կուտակած կապիտալի հաշվին շարունակում են հարստանալ, իսկ աղքատները շարունակում են ապրել առանց նվազագույն հույսի, ասել է թե՝ ոչ թե ապրում են, այլ կյանքի ժամանակը վատնում»: