Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմակարծություն՝ մեկ գլխում
Մի կողմից հայտարարել, որ չես ներկայացնում Արցախը և, հետևաբար, չես կարող Ալիևի հետ բանակցել Արցախի անունից, իսկ մյուս կողմից, պոպուլիստական նկատառումներից ելնելով, Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վերջ։
Մի կողմից հայտարարել, որ Արցախը պետք է դառնա բանակցային սեղանի մասնակից, քանզի այն ինքնուրույն միավոր է, բայց մյուս կողմից ամեն ինչ անել՝ նսեմացնելու համար Արցախի սուբյեկտայնությունը։ Ի դեպ, որևէ խոսք չասվեց այն մասին, թե ինչ փուլում է «Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու» խոստում–ծրագրի իրագործումը։
Մի կողմից դավադրաբար հայտարարել, որ Արցախում դավադիրներ կան, որոնք կարող են կռիվ հրահրել ու տարածքներ զիջել, որպեսզի վնասեն ՀՀ կառավարությանը, բայց մյուս կողմից Ստեփանակերտում պոպուլիստաբար խոսել դավադրություններ հրահրողների դեմ։
Մի կողմից հայտարարել, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին, իսկ մյուս կողմից այդ նախադասությունը հանրահավաքի ժամանակ օգտագործել թաքնված ձևով, իսկ ամբիոնից հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վերջ։
Մի կողմից նյարդայնանալ Երևանում պաշտոնական Ստեփանակերտի դատական երաշխավորությունից՝ դա համարելով միջամտություն ՀՀ ներքին կյանքին, իսկ մյուս կողմից հայտարարել, որ ՀՀ–ն կլինի Արցախի նախագահական ազատ ընտրությունների անցկացման երաշխավորը` այդպիսով իսկ միջամտելով Արցախի ներքաղաքական կյանքին և ունենալով սեփական դրածո–թեկնածուն։
Մի կողմից հայտարարել, որ Ալիևի հետ չես բանակցում, բայց մյուս կողմից խոսել բանակցային գործընթացից։
Եվ ամենակարևորը։ Ռազմահայրենասիրական կեղծ պաթոսով հայտարարել, որ կարևորում ես խաղաղությունն ու Արցախի կարգավիճակը, բայց այդպես էլ չարտաբերել, որ բացառում ես Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Խաղաղություն և կարգավիճակ Ալիևն էլ է խոստանում։
Հ.Գ. Բազմակարծությունը ժողովրդավարության հիմքն է, բայց բազմակարծությունը մեկ մարդու գլխում արդեն շիզոֆրենիայի հիմքն է։
Որքա՞ն կդիմանան այս փորձությանը Հայաստանն ու Արցախը»։