ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Պետք է փոխվենք անհատապես և ազգովի, և այստեղ պետությունը գործ ունի անելու։

Քանի որ վերջերս շատ է խոսվում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» կամ նույն ինքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որոշեցի կարդալ այն՝ երբեմն համեմատելով նաև հայերեն ու անգլերեն տարբերակները։

Կարդալուց հետո տպավորություն ստացա, որ այս՝ կանանց իրավունքները պաշտպանող կոնվենցիայի դեմ հանդես եկող մարդկանց, այդ թվում քաղաքական գործիչների մեծ մասը չի կարդացել այն, իսկ շատ փոքր մասն էլ կարդալով այն, ենթատեքստից կտրված կտորներ է մեջբերում՝ հետապնդելով հասկանալի քաղաքական շահեր, ինչպես շատ այլ կեղծ օրակարգերի ժամանակ։ Եվ միայն շատ-շատ փոքրաթիվ մարդիկ կարծես թե իրապես վտանգներ են տեսնում որոշ ձևակերպումների մեջ, որոնք սակայն կարելի է՝ ասել չկան։ Փնտրել սև կատու մութ սենյակում, որում այն չկա, այդքան էլ հեշտ չի։

Վստահաբար կարող եմ ասել, որ կոնվենցիայի բովանդակությանը խորությամբ ծանոթ և կանանց իրավունքները կարևորող մարդիկ պետք է կողմ լինեն կոնվենցիայի ընդունմանը, քանի որ այն միջազգայնորեն ճանաչված իրավական շրջանակ է սահմանում կանանց և աղջիկների նկատմամբ ընտանեկան բռնությունը կանխարգելելու և դրանից պաշտպանելու համար։

Այստեղ հարցն այն է, որ որոշ մարդիկ կարծում են, որ կանայք կամ աղջիկները չունեն բռնությունից զերծ միջավայրում ապրելու իրավունք, կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ չունեն, կինը պետք է լինի անձայն տնային տնտեսուհի և միայն երեխաների մայր, առանց որևէ այլ իրավունքի, նույնիսկ այդ կարգավիճակում բռնության ենթարկվելու դեպքում։ Եվ դա է մեր ավանդույթը...

Եվ եթե դա է մեր ավանդույթը, ապա այն օր առաջ պետք է կոտրել, փշրել, ջանքեր գործադրել, որ կինը և տղամարդը լինեն իրապես հավասար թե՛ ընտանիքում, թե՛ հասարակությունում։ Եվ կոնվենցիաները այստեղ կապ չունեն։

Ի դեպ, կարծիքս այս առիթով հայտնել էի մի հարցազրույցի ժամանակ, և այն մնում է անփոփոխ։

#ՈչԲռնությանը
#ԱյոՀավասարԻրավունքներին»,- գրել է նախարարը: