Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աղբի քաղաքական կշիռը
«Սանիթեքի» այսօրվա տխմար ասուլիսը, այնուամենայնիվ, հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը։ Իհարկե, «Սանիթեքի» գուրուների «պարզաբանումներից» այդպես էլ չհասկացանք՝ իրենք Երեւանի աղբը չեն հավաքում, քանզի ենթարկվում են քաղաքական հետապնդմա՞ն, թե՞ քանի որ «Սանիթեքի» սեփականատերը, փաստորեն, այլեւս քաղաքական դեսիդենտ է, Երեւանը աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեքի» քաղաքական ապտակն է քաղաքապետ Մարությանին։
Անկեղծ ասած՝ ինձ, որպես Երեւանի բնակիչ, առանձնապես չեն հետաքրքրում «քաղաքական հալածյալ» «Սանիթեքի» եւ քաղաքապետարանի միջանձնային եւ մերձանձնային հարաբերությունները։ Երեւանցին անգամ չպիտի էլ իմանար՝ ո՞վ է իրականացնում քաղաքի աղբահանությունը՝ «Սանիթե՞քը», թե Ալֆրեդը։
Երեւանի ավագանու ընտրություններում երեւանցին «ուռա» գոռալով ընտրեց կոնկրետ քաղաքական ուժի, որն էլ պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը։
Ի վերջո, «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերություններ պարզելը դարի գործարքը չէ, որը ոչ մի կերպ չի լուծվում։
Ասեմ, որ շատ բան պետք չէ անել՝ ընդամենը գրագետ մենեջմենթ ու Երեւանը դանդաղ եւ սահուն դուրս կգա աղբի տակից։
Ինչ վերաբերում է «քաղհալածյալ» «Սանիթեքին», մի պարապ օր նոր «Արխիպելագ Գուլագ» կգրեմ «քաղաքական այդ աննախադեպ հալածանքների մասին»։