Պատմաբան, քաղաքագետ, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եռաբլուրում հայ նահատակ զինվորների շիրիմների ապականումը ոչ թե վանդալիզմ է, այլ թշնամի պետությունների հատուկ ծառայությունների իրականացրած ահաբեկչական հարձակում Հայաստանի դեմ՝ անկախ նրանից, թե ովքեր են անմիջական կատարողները՝ դրսից ներմուծված թե՞ տեղական տարրերը։

Նպատակն ի սկզբանե եղել է Եռաբլուրը։ Մյուս գերեզմանոցներում շիրիմների ապականումը քողածածկույթ է՝ խնդիրը «գժերի» վրա բարդելու համար։

Հարձակման հիմնական նպատակներն են.

առաջին՝ սրել հայաստանյան հասարակության միջև օրեցօր խորացող հակասությունները.

երկրորդ՝ հոգեբանորեն ցնցել հայությանը՝ առաջացնելով խռովք, շփոթություն, տագնապի և անպաշտպանվածության զգացում.

երրորդ՝ ահաբեկել ՀՀ իշխանություններին՝ ի ցույց դնելով Հայաստանի ներսում գործելու իրենց հնարավորությունները.

չորրորդ՝ ստուգել ՀՀ հատուկ ծառայությունների պատրաստվածության և արագ արձագանքման կարողությունները։

Հետևություններ պետք է անենք բոլորս, բայց նախևառաջ ՀՀ իշխանությունները, որոնք նախորդ ռեժիմներից ժառանգել են ԱԱԾ-ն դիտելու որպես ներքին քաղաքական դաշտը վերահսկելու միջոց։ Այս արատավոր ավանդույթին պետք է վերջ դրվի։ ՀՀ ԱԱԾ-ն վերջապես պետք է կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա։ Մասնավորապես, անհրաժեշտ է բարելավել և կտրուկ ուժեղացնել հակահետախուզական վարչության աշխատանքը։ Անվտանգության հարցերով զբաղվող մյուս պետական մարմինները ևս պետք է զարթնեն քնախտից, այլապես հաջորդ հարձակումները կլինեն ոչ միայն Հայաստանի հոգեբանական, այլև ֆիզիկական տիրույթում։ Անելիքները շատ-շատ են։

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԻՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԲՆՈՒՅԹԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»։