Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Նա, մասնավորապես, գրել է.
«Ռուսաստանյան ինստիտուտներից մեկի կողմից ներկայացված վիճակագրությունը, համաձայն որի 2019 թ. միայն առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների թիվը կազմել է 12 800 մարդ (ինչը 2.5 անգամ ավելի մեծ է 2018 թ. համանման ցուցանիշներից), կրկին սրել է քննարկումները մեր ամենամեծ ցավի` Հայաստանի նվազող բնակչության մասին:
Ժողովրդագրությանը կամ ավելի ստույգ` միգրացիային վերաբերող վիճակագրական տվյալները մեզ մոտ տասնամյակներով ծառայել են որպես քաղաքական մանիպուլյացիայի ամենաազդեցիկ առարկա. խորհրդարանում աղիողորմ գոռում ես, որ Հայաստանը դատարկվում է և էդ լացի ու աղմուկի մեջ կորում են հա՛մ միգրացիայի ու ժողովրդագրության ցուցանիշները ծնող իրական բազմաշերտ պատճառները և հարցի լուծման լրջությունն ու բարդությունը հա՛մ էլ էն գլխից մեկ նախադասությամբ նշանակում ես էդ ցավի մեղավորներին` օրվա թալանչի իշխանությանը` հարյուրավոր գործոններ վերհանելու բարդությունը ջրին տալով:
Հիմա պարզվեց, որ անգամ 2018 թ., որը, համաձայնվենք, հանրային դրական սպասումների առումով աննախադեպ էր, միգրացիայի բացասական սալդոն մեր երկրում կազմել է 18 500 մարդ: Սա պաշտոնական վիճակագրություն է: Այսինքն, Հայաստանից նախորդ տարի այդքան մարդ ավելի շատ արտագաղթել է, քան տեղափոխվել են Հայաստան` մշտական բնակության: Հայաստանի բնակչության ընդհանուր թիվն էլ նախորդ` 2018 թ. նվազել է ընդամենը 7 600-ով, որովհետև նախորդ տարի մեր երկրում ծնվել է 10 900 -ով ավելի շատ երեխա, քան գրանցված մահերն են (բնական աճի նվազման միտումներն էլ առանձին քննարկման լրջագույն թեմա է):
Էս համատեքստում, անպատասխանատու ցինիմզի է նմանվում գործող կառավարության կողմից նախորդ տարի հրապարակ նետված վիճակագրական մանիպուլյացիան, որը վերաբերում էր սահմանահատումներին` 2018 թ. դեպի Հայաստան սահմանահատումների թիվը 20 713-ով ավելի շատ է եղել, քան Հայաստանից գրանցված սահմանահատումների թիվը (Հայաստան եկած հնդիկների, ֆիլիպինցիների հաշվին և այլ մանիպուլյացիաներով այս կերպ կառավարությունը փորձում էր ծածկել այն ցավալի միտումը, որ Հայաստանից արտագաղթը, ցավոք, շարունակվում է և որ նախորդ` «հեղափոխական» տարում 18500 Հայաստանի քաղաքացի է արտագաղթել Հայաստանից):
Հիմա էլ կառավարության նույն ձեռագիրն է նկատվում Ռուսաստան մեկնած հայ աշխատանքային միգրանտների վիճակագրության առնչությամբ: Եթե անգամ, մեծ պայմանականությամբ, քաղաքական ընդդիմությանը թույլատրելի է մեր ամենամեծ ցավը դարձնել քաղաքական շահարկման առարկա, մի բան, որ այսօր, բարեբախտաբար, սրությամբ չի արտահայտվում, ապա կառավարության պարագայում նման մտահոգիչ միտումները կոծկելն ու քողարկելը, այն չտեսնելու տալը հա՛մ անլուրջ է հա՛մ անպատասխանատու:
Փաստը ցավալիորեն մնում է այն, որ Հայաստանից մարդիկ այսօր էլ շարունակում են արտագաղթել, իսկ այդքան գովազդված ներգաղթը կամ հայրենադարձությունը այդպես էլ չկայացավ համազգային լավատեսության անգամ ամենաբարձր պիկին: Խորհրդանշորեն, անգամ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հայրենիքում բնակարաններ չգնեցին, չնայած ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչած խնդրանքներին:
Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ առավել լրջմիտ ու պատասխանատու կառավարությունը ժողովրդագրական հարցը կհռչակի մեր երկրի N1 միջնաժամկետ առաջնահերթություն ու իր աշխատանքի գնահատման առաջնային ու միակ բնական չափանիշ: Սա այն հարցն է, որը շատ ավելի բարձր ու նշանակալի է, քան ընթացիկ քաղաքականությունը, դրա հերոսներն ու հակահերոսները:
Տեսանելի հեռանկարում Հայաստանին անհրաժեշտ է գոնե 4-5 միլիոն բնակչություն, և այս հարցը պետք է լուծվի ամեն գնով: Լուծում ենք այս հարցը` հասուն ժողովուրդ ենք և արևի տակ մեր տեղն ու մեր պետությունն ունենալու իրավունքը վերահաստատում ենք: Աստված մի արասցե` շարունակում ենք անլրջությունն ու թեթևամտությունը, արդեն պատմությունը միջնաժամկետ հեռանկարում իր օրենքները կթելադրի...»: