Լրատվականներից մեկի ռեպորտաժում տեսախցկի առաջ Իջևանի ցուցարարներից երկու երիտասարդ բորբոքված բողոքում էին, որ հնարավոր չէ ապրել 10 000 դրամ օրական աշխատավարձով՝ հիմնավորելով ծառահատումների թույլտվության հետ կապված իրենց պահանջները։
Մինչդեռ Հայաստանում հայտնի է, որ միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է քան օրական տաս հազար դրամը (2018-ի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձը 168 հազար դրամ է)։ Այդ տրամաբանությամբ գյուղացիների, բանվորների, բժիշկների, ուսուցիչների, գիտաշխատողների, պետծառայողների հսկայական խմբեր դուրս են գալու փողոց՝ բողոքելով ամեն մեկն իր ոլորտում ապօրինի եկամուտներ ստանալու թույլտվության համար։
Ասածս այն է, որ ցուցարարների պահանջները օբյեկտիվորեն համահունչ չեն առկա իրականությանը։ Եվ նրանց (գուցե նրանց մի մասի) պահանջը ոչ թե միջին, այլ բարձր եկամուտների համար է։ Այսինքն Իջևանի ցուցարարների մի մասը պայքարում են ոչ թե օրվա հացի, ինչպես ներկայացնում են որոշ աղբյուրներ, այլ ապօրինի հարստացման համար է։ Թացը չորից, ակցիաների հետևում կանգնածներին սովորական աշխատողներից տարբերել է հարկավոր։