ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշում ենք եւ խոնարհվում նահատակ-հերոս ոստիկանների հիշատակին

Երեք տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, արձանագրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը՝ հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:

Եղբայրասպան ահաբեկչական գործողության արդյունքում գրավվեց ՊՊԾ գունդը: Ահաբեկիչները սպանեցին հայ սպաներին, ովքեր պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության պատիվն ու նրա ժողովրդին:

Դժբախտաբար «Նոր Հայաստանում»՝ Նիկոլի իշխանության թեթեւ ձեռքով եղբայրասպանները, պետության եւ հայրենակից սպայի դեմ զենքով դուրս եկած ահաբեկիչներն ազատության մեջ են:

Ժողովրդական էպոսի անունն իրենց վրա առած «սասնա ծռեր» կոչեցյալները, իշխանության անգործության արդյունքում, իրենք իրենց հերոսացնում են, «հայրենասեր» են խաղում:

Ավելին, պինդ բռնվեք, առաջարկում են եղբայրասպանության ամոթալի օրը՝ հուլիսի 17-ը, հռչակել ազգային տոն:

Սա մեր պետության եւ ժողովրդի ամոթն ու խայտառակությունն է:

Որքան էլ իրավիճակներ եւ դեմքեր փոփոխվեն, որքան էլ կեղծ ու «ճաճանչափայլ» լոզունգներ փորձեն մատուցել, միեւնույն է լույսը ցրում է խավարը: Ճշմարտությունը մեկն է՝ մեր հերոսը գնդապետ Վանոյանն ու նրա տեսակն է:

Հիշում ենք եւ խոնարհվում նահատակ-հերոս ոստիկանների հիշատակին»:

 

На изображении может находиться: 3 человека