Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Սևանում գործարարների բողոքի ակցիայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական ֆեյսբուքում ողբ ու լաց էր աննկարագրելի։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, մեծ հաշվով մեր մշակույթի ու ինքնության հետ առնչություն քիչ ունի։ Իհարկե, համամարդկային արժեքները մերն էլ են, բայց մեր աչքի գերանն էլ է մերը։
Այս մեկ շաբաթը ֆեյսբուքում Սևանի շաբաթն էր։ Կրկին ողբում են բոլորը՝ ծաղկում է, ճահճանում է... Ու, ցավոք, կրկին էն նույն այրվող տաճարի հեռավորության վրա՝ չքաշելով ներս, չզգալով սեփական սրտում ու մաշկի վրա։
Աննկարագրելի տհաճ էր ֆեյսբուքը այս շաբաթ։ Մի մասը անիմաստ պլաններ է առաջարկում, մյուս մասը քննադատում է մեկ տարեկան կառավարությանը տասնյակ տարիներով կուտակված խնդիրների համար, մի մասը լացում է, ոմանք սապոկներով սելֆի են անում...Հանուն արդարության, մի մասն էլ կար, որ քիչ էր խոսում, բայց՝ արժեքավոր, ու գործում էր։ Իսկ լիճը հանգիստ ապրում է, կեղտոտվում, մաքրվում, հիվանդանում ու առողջանում...
Անցյալ տարի անհամեմատ ավելի վատ էր լճի վիճակը։ Այս տարի ավելի շուտ է առողջանում։ Շնորհիվ ջրի քանակի, որը չի գողացվում ու տրվում ՀԷԿ֊երին ու էլի չգիտեմ ում։ Լճի մասին շատ կարելի է գրել, բայց հիմա՝ այսօր ճանապարհը փակելու մասին։ Գործարարներին ասում են, որ մարդ չի գալիս Սևան։ Պատճառն էլ նշում են՝ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ բակտերիաների մեծ կուտակման վայրերում լողալն առողջությանը կարող է վնասել։ Իհարկե կարող է։ Դրա համար պետք է լողալ մաքուր հատվածներում։ Սա անհերքելի է։ Այն, որ կովերը սատկել են խոնավ առվույտից, դա էլ ՍԱՊԾ֊ն արդեն հայտարարել է։ Բայց տուրիստները չկան ու չկան։
Հիմա, սիրելի գործարարներ, տուրիստների բացակայության իրական պատճառների մասին։
Արդեն տասը տարի է, ինչ տուրիստների քանակը տարեցտարի նվազում է, անկախ՝ ջուրը կծաղկի թե ոչ։ Մարդկանց պահանջարկը փոխվել է։ Երկաթյա անհրապույր "դոմիկների" դարն ավարտվել է, կապույտ կտորով ծածկված տաղավարներ մարդիկ չեն ուզում այլևս։ Տուրստներին պետք է միջին որակի և միջին գնի ծառայություն մատուցել։ Իսկ մեզ մոտ ցածր որակ է և միջին կամ բարձր գին։ Սա է տուրիստների նվազման իրական պատճառը։ Հիմա պետք է մտածել, թե ինչպե՛ս բարձրացնել ծառայությունների որակը, բայց որ գինը չբարձրանա, ինչպե՛ս միջազգային մրցակցության մեջ լավագույն տեսակի ու որակի ծառայություններ մատուցել...
Բայց մի խնդիր կա մեծ։ Այս կարճ սեզոնի դեպքում բիզնեսը հենց ներդրում է անում, միանգամից մատուցվող ծառայության գինը բարձրանում է։
Սա թակարդ է, որից դուրս պետք է գանք միասին, սովորելով, աջակցության արդյունավետ գործիքներով (տոկոսների սուբսիդավորում, հյուրատների անվճար մոդելներ, այլ տուրիստական ծառայություններ զարգացում, նոր ենթակառուցվածքներ և այլն), այլ ոչ թե ճանապարհ փակելով։
Սիրելի ընկերներ, հիմա ճանապարհները բացելու ժամանակն է, ոչ թե փակելու։ Հավաքվեք, կանչենք բոլոր պատկան մարմիններին, փորձենք համատեղ առաջ գնալ։
Հիմա դուք ուզում եք քիչ հարկ տալ, վարձակալության վճար չտալ, որ առողջապահության նախարարը խաբի։ Հիմա դուք ձեր իսկ պետությունը հակադրում եք ձեզ ու փորձում մաքսիմումը պոկել։
Իմ առաջարկն է ՝ հավաքվենք, հրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին ու լուծումների ու զարգացման մասին խոսենք, մեթոդների, որ բոլորիս հաղթանակի կտանի, այլ ոչ թե մի խումբ մարդկանց։ Պետք է սկսեք շատ սովորել։ Այս միտքը առանցքային է։
Ու չպետք է մոռանանք, որ Սևանը առաջին հերթին հանգստի ու տնտեսավարման գոտի չէ, այլ քաղցրահամ խմելու ջրի համաշխարհային նշանակության բնական պաշար, հոգևոր ու մշակութային արժեք, ազգաստեղծ ու ազգապահպան գործոն։
Բնապահպանական խնդիրների մասին հետո կգրեմ»։