ՊԵԿ նախկին աշխատակից, այժմ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսուհետ որոշել է փաստարկված ձևով ներկայացնել «Նոր Հայաստանում» ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողների, քաղաքացիների, նրանց ներկայացուցիչների ինչպես նաև ՊԵԿ համակարգի նախկին և ներկա ծառայողների իրավունքների խախտման դեպքերը։
«Հայտնում եմ, որ իմ կողմից համապատասխան հրապարակումները, ըստ հերթականության, ունենալու են շարունակական բնույթ․ պատահականության սկզբունքով սկսեմ հետևյալից․
1. ԵՏՄ մաքսային օրենսգրքի 136 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են մեկ առաքողի կողմից մեկ տրանսպորտային փաստաթղթով մեկ ստացողի հասցեով, և որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն չի առաջանում։ Նույն օրենսգրքի 286 հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը կարող են օգտագործվել որպես ապրանքների հայտարարագիր, եթե այդ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը ենթակա չեն վճարման ինչպես նաև սահմանված չեն արգելքներ, սահմանափակումներ և չեն կիրառվում ներքին շուկայի պաշտպանության միջոցներ։ Այսինքն, եթե կազմակերպության անունով /ֆիզ․անձանց իրավահարաբերություններն այլ իրավական ակտերով են կարգավորվում/, մեկ առաքողից, փոստային առաքմամբ ապրանքներ են ներմուծվում, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը և որոնց համար սահմանված չեն արգելքներ կամ սահմանափակումներ, ապա այդ ապրանքները ենթակա են բացթողման առանց մաքսային ձևակերպումների և առանց մաքսային վճարների։ Տնտեսվարողներն ահազանգում են, որ /ստիպողաբար/ պարտադրված են նմանատիպ ապրանքները ձևակերպել․ սա ոչ այլ ինչ է քան նրանց իրավունքների և օրենքի կոպտագույն խախտում։ Այս համատեքստում առնվազն տարօրինակ է, թե ինչու տնտեսվարողները կամ նրանց ներկայացուցիչները չեն պաշտպանում իրենց իրավունքները․․․․․»,- գրել է նա։
Հ․Գ․ ցանկացած պահի պատրաստ եմ աջակցել մասնագիտական խորհրդատվության շրջանակներում։ Հարգանքով՝ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղ․խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյան։