«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Հեղափոխությունից ավելի քան մեկ տարի անց իշխանությունը սկզբունքորեն չի կարողանում պայքարել մենաշնորհների դեմ և անել այնպես, որ ասենք տնտեսության մեջ իսկապես ստեղծվեն հավասար մրցակցության պայմաններ, քանի որ Հայաստանում մինչ այդ մենաշնորհների և օլիգոպոլիաների շրջանում այնպիսի անհավասար բաժանում, նյութական միջոցների այնպիսի բևեռացում և մի խումբ մարդկանց ձեռքին դրանց գերկենտրոնացում է տեղի ունեցել, որ հավասար մրցակցային պայմաններում որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցել այդ մարդկանց հետ: Այսինքն, որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցության մեջ մտնել գերհարստացած օլիգարխների հետ:

 

Հետևաբար, Հայաստանում պետք է նաև ինչ -որ կերպ լուծում տալ միջոցների, կապիտալի գերկենտրոնացվածության խնդրին, եթե ուզում ենք, որ երկրում իրապես հաստատվի ազատ մրցակցային միջավայր և տնտեսությունը դուրս գա մի խումբ մարդկանց բռից:

 

Նրանք արդեն այնքան են կուտակել, որ արդեն հավասար, բնական, իրավահավասար պայմաններում նրանց գրեթե ոչ մի վտանգ չի սպառնում, համենայն դեպս մոտ տասնամյակների հեռանկարով: Նրանք արդեն «բնական» իմունիտետ են ձեռք բերել իրենց մոտ կապիտալի գերկենտրոնացվածության շնորհիվ, և եթե մրցակցություն լինի, ապա միայն իրենց իսկ միջև»: