Քանի որ Երևանի քաղաքապետն առաջարկեց հանրային քննարկում անել Երևան քաղաքում ավտոմեքենաների թույլատրելի արագությունը 10 կմ/ժ-ով նվազեցնելու մասին, ապա որպես մեքենայի ղեկին շատ ժամանակ անցկացնող մարդ՝ ասեմ, որ դա չի աշխատելու, ու մարդիկ ոչ թե 60 կմ/ժ-ով են երթևեկելու, այլ երթևեկելու են ավելի արագ, իսկ եթե նվազեցում լինի ու չաշխատի, ապա իմաստ չկա անելու:
Մյուս տարբերակը արագաչափերն ավելացնելն է, ու այդ դեպքում ոչ միայն հիմնավոր հասարակական դժգոհության ալիք կբարձրանա, այլև ականատես կլինենք հսկայական խցանումների, ինչը ունքը հանելու տեղը աչքն էլ հանել է նշանակում: Իմ խորին համոզմամբ՝ այս պահին ավելի արդիական է լուծել երկրորդային փողոցների վատ վիճակի հարցը և փողոցային գծանշումները պատշաճ տեսքի բերելը․ դրանք խայտառակ վիճակում են: Օրինակ՝ Արշակունյաց պողոտայում երկու օր առաջ հազիվ խուսափեցի կողքի մեքենային բախվելուց, քանի որ բաժանարար գծերն ընդհանրապես չեն երևում, մաքրվել-գնացել են: Կարծում եմ, որ այս վիճակը կարգավորելը պետք է լինի օրվա պահանջ, սրան էլ գումարենք մաքրված հետիոտնային անցումները․ վերջիններս հատկապես վտանգում են մարդկանց կյանքը դպրոցների ու մանկապարտեզների մոտակայքում: Հարցրիք, ասեցի՝ ասեմ։