«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը:
«Թեև ես Հրայր Թովմասյաին համարում եմ ոչ կեմպիտենտ և խնդրահարույց կադր, սակայն պետք է ազնվությամբ ընդունեմ, որ ինքը Սահմանադրական Դատարանի լեգիտիմ նախագահ է:
Թող ներեն ինձ բոլոր հեղափոխական ընկերներս, բայց գոնե ՍԴ նախագահի մասով Սահմանադրության 213-րդ հոդվածը բավականին միարժեք է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, թե ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:
«Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը, այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,-ասել էր Վահե Գրիգորյանը: