ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ստացած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար ու նաեւ նշել է, որ ՍԴ դատավորի պաշտոնը դեռ չի ստանձնել, ինչը կանի հունիսի 20-ին նախատեսված երդման արարողությունից հետո: Գրիգորյանը նաև նշել է, որ պատրաստվում է փակել իր ֆեյսբուքյան էջը:

«Սիրելի ընկերներ,

շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների եւ մաղթանքների համար Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվելուս կապակցությամբ:

Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում եւ միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով եւ վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու համար ժամկետ էր անհրաժեշտ:

Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնը ստանձնում է համապատասխան երդմամբ, որի արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ 20.06.2019 թ.-ի օրվա 2-րդ կեսին, Ազգային ժողովի նիստում, որին նախորդելու է իմ երդման հակիրճ ուղերձը:

Երդմամբ անմիջապես ստանձնելու եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը եւ ձեռնամուխ եմ լինելու սահմանադրական լիազորությունների/պարտականությունների կատարմանը, եւ այդ պահից իմ շփումը հանրության հետ լինելու է պաշտոնական կարգավիճակում՝ սրանով պայմանավորված բոլոր սահմանափակումներով:

Մինչ այդ եւ առժամանակ կպահպանեմ իմ այս էջը, սակայն հրապարակային շփման համար բարձր դատարանի դատավորի արտահայտվելու ազատության շրջանակներում այլ ընդունելի միջոցի վրա կանգ առնելիս կփակեմ կամ կսահմանափակեմ այս էջը՝ նախօրոք տեղեկացնելով դրա մասին»,- գրել է նա: