20:08
Միայն այն հանգամանքը, որ Արտակ Զեյնալյանը հրաժարականը ներկայացվել է այն ժամանակ, որ վարչապետը երկրում չէ, նշանակում է՝ հրաժարականի հիմքում կան խորքային պատճառներ

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականն ինձ համար անսպասելի էր: Միայն այն հանգամանքը, որ հրաժարականը ներկայացվել է այն ժամանակ, որ վարչապետը երկրում չէ, իսկ դատաիրավական համակարգի արմատական փոփոխությունների մասին խոսակցությունները գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, խոսում է այն մասին, որ նախարարի հրաժարականի հիմքում կան խորքային պատճառներ:

Ավելորդ է նշել արդարադատության նախարարության առաքելության կարևորության մասին:

Իմ պատկերացմամբ, այս նախարարությունը պետք է դառնա դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման դրոշակակիրը՝ ստանձնելով ողջ համակարգի փոփոխությունների հայեցակարգերի մշակման ու իրականացման պատվաբեր բեռը:

Կարիք չկա մեկ անգամ ևս ընդգծել հարկադիր կատարման, քրեակատարողական ծառայության, պրոբացիայի, սնանկության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման ոլորտների կարևորությունը մեր հանրային կյանքում:

Իսկ վերը նշված ոլորտներում կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է արդարադատության նախարարությունը:

Իսկ եթե սրան գումարենք նաև դատական իշխանության փոփոխությունների անհրաժեշտությունը, պատկերը կդառնա ամբողջական:
Ուստի այս ոլորտում պետության առջև ծառացած մարտահրավերները արժանիորեն լուծելու համար այս նախարարությունը պետք է ղեկավարի այսօրվա չափանիշներով ու արժեհամակարգով առաջնորդվող մարդը, ով ունի կամային հատկանիշներ, ներքին բավարար կամք ու վճռականություն՝ դատաիրավական ոլորտի առջև ծառացած խնդիրները հստակորեն լուծելու համար»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս