«Էս նկարը մարքեթինգի արքաների մասին է»:
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով այս լուսանկարը նման գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մանրամասնելով.
«Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ, որտեղ պարֆյումի երկու հայտնի խանութ կա, մարդիկ դրել են էս համեստ սեղանիկն ու օծանելիք են ծախում: Գաղափարը հետեւյալն է՝ սիրատոչոր երիտասարդը մտնում է ֆիրմային խանութ՝ ընկերուհուն դուխի առնելու, ֆիքսում է գրպանի պարունակության տխուր անհամապատասխանությունը խանութի գների հետ, վշտացած դուրս է գալիս, եւ վուա լյա՛, մայթին հնգապատիկ էժան նույն դուխուց վաճառում են:
Ափսոս, որ վաղը սեղանիկը էլ չի լինի, որովհետեւ քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչությունը ահազանգից 30 րոպե հետո վերացրել էր ապօրինի առեւտրի կետը (լուսանկարը՝ մեկնաբանությունում):
Հ.Գ. Ի դեպ, խնդրում եմ՝ ապօրինի առեւտրի դեպքեր նկատելիս հստակ ֆիքսեք հասցեներն ու, հնարավորության դեպքում ֆոտոներ ուղարկեք: Հավատացնում եմ, դա ավելի լավ է աշխատում, քան «Ամբողջ քաղաքի փողոցները ապօրինի առեւտրով հեղեղված են» կարգի գրառումները»:
Հակոբ կարապետյանը գրառման մեկնաբանություններում տեղադրել է երկրորդ լուսանկարը՝ արդեն ազատված տարածքով: