Վերջին շրջանում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում ակնհայտ հակաժողովրդավարական բնույթ ունեցող երևույթները գնահատվում են Թուրքիայի օրինակով, իսկ ավելի կոնկրետ՝ «Թուրքիայի Էրդողանացում» բնորոշմամբ։ Նման գնահատականներ հաճախ են լսվել հատկապես եվրոպական մի շարք երկրներից, իսկ ամենավերջին օրինակն Իսրայելն է։
Այս օրերին Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարություն ներկայացող Իսրայելում ուշագրավ զարգացումներ են ընթանում։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ոչ մի կերպ չկարողանալով ձևավորել նոր կոալիցիոն կառավարություն, ամեն հնարավոր միջոց ձեռնարկում է այդ իրավունքը, օրենսդրության համաձայն, մեկ այլ պատգամավորի չզիջելու համար։ Նրա գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը նախաձեռնել է խորհրդարանի ինքնալուծարման օրինագիծ, եթե սահմանված ժամկերի ավարտին՝ մայիսի 29-ին, այսուհանդերձ չհաջողվի կառավարության ձևավորումը։
Իսկ Նեթանյահուի նման վարքը ինչպես ընդդիմադիր հատվածի, այնպես էլ իսրայելական մամուլի կողմից գուժվում է որպես «Նեթանյահուի Էրդողանացում», որը պետք է բացառել բոլոր հնարավոր միջոցներով։