Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության եւ ազդեցության է գործել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:
Նա, մասնավորապես, նեշլ է. «Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։
Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու պրակտիկաներից։ Պետք է ազատվեին կոռումպացված եւ հին համակարգի հետ մասնավոր շահերով կապված դատավորներից։ Եվ պետք է գնային ՀՀ-ում իրապես անկախ դատական իշխանություն ձեւավորելուն։ Սակայն դա տեղի չունեցավ։ Դատական համակարգը մնաց անհաղորդ ժողովրդի պահանջներին եւ հեղափոխության բերած ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին։ Դատարանները մնում են անվստահելի առանց բացառության ԲՈԼՈՐ կողմերի համար, այդ անվստահությունը ճգնաժամեր է առաջացնում։
Այսօրվա ժողովրդական ակցիայով մենք ցանկանում ենք, որ դատարանները եւ դատական ողջ համակարգը առերեսվի Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության փաստին, պարտավորված զգա իրական եւ խորքային ռեֆորմներով արձագանքել մեր երկրի փոփոխություններին։ Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին եւ դատական համակարգին կպարտադրի լուրջ ռեֆորմների գնալ։
Կոչ եմ անում նաեւ ակցիայի մասնակից համաքաղաքացիներին դատավորների եւ դատարանների աշխատակիցների նկատմամբ հարգալից լինել, որեւէ անկարգության կամ սադրանքի չտրվել։
Մենք ձեւավորում ենք Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները գերակա են, որտեղ բռնությունները, կոռուպցիան եւ անարդարությունը տեղ չունեն»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: