Հրանտ Տեր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Խնդրում եմ, մի գրեք, թե բա ապացուցվեց, որ դատական իշխանությունն անկախ է և այլն: Մի գրեք, եթե նույնիսկ ձևի համար եք դա գրում՝ հասկանալով, որ նման բան չկա ու բայց ավելացնելով: 
Կներեք, նման պարզմիտ հնար, չեմ ուզում ասել՝ կուտ, ոչ ոք չի ուտի էս երկրում՝ պրոֆեսորից մինչև վերջին տաքսիստ:

Անկախ դատական համակարգ ունենալն էդքան հեշտ բան չի, ու տարիներ են պահանջվելու դրա սկիզբը մենակ ունենալու համար: Անլրջության գագաթն է, մտածել, որ անկախ դատական համակարգ կարելի է ունենալ միայն ցանկությամբ ու քաղաքական չմիջամտությամբ, որ դա կարելի է ունենալ հին կադրերով: Անցանք:

Դատավորն երեկ ցույց տվեց, ոչ թե այն, որ ինքն անկախ է, այլ այն, որ ինքը չի կողմնորոշվում, որ կողմում է ուժը, իշխանությունը: Ցույց տվեց, որ երկրում, որքան էլ ցավալի է մեր պաշտոնավոր ընկերների համար, կա իշխանության խնդիր: Որ իշխաությունը միայն պաշտոնները չեն:

Անլուրջ է նաև այս իրավիճակում քշել դատավորի վրա: 
Իրական պատասխանատուն այսօրվա իշխող ուժն է: 
Սա իշխող ուժի սխալն ու պարտությունն էր: 
Պարտադիր չի ինչ որ անօրինական քայլերի դիմել, որպեսզի այս արդյունքը չլիներ:

Դատավորն անկախ որոշում չի կայացրել: Նա ենթարկվել է ակնհայտ քաղաքական ճնշման: Մի պարզ քաղաքական կոմբինացիայի արդյունքում, որի կանխելը ժողովորդի իշխանության պարտականությունն էր: Որովհետև, այո, գուցե զարմանալի է, բայց քաղաքական պրոցեսների կառավարումը, վերահսկումը, կանխումը ձեր պարտականությունն է, այլ ոչ թե դատավորի:

Հիմա էլ ուշ չի, սթափվել, և վերջ տալ էս մանկապարտեզին: 
Խնդիր դնել՝ իշխանություն ձևավորել: 
Հասկանալ, որ պաշտոններ ստանձնելով, դեռ իշխանություն չես ձևավորել: 
Հարց տալ, ժողովորդի իշխանությունը, որը դուք կոչված են ներկայացնել ու մարմնավորել, ի՞նչ հենարաններ ունի, արդյո՞ք դրանք ամուր են բավականաչափ ու արդյո՞ք մի տարի չեք կորցրել էս ամենով զբաղվելու համար: 
Դուրս գալ, վերջապես անհոգությունից:

Ես կիլոմետրերով հեռու եմ պանիկայից: Ճիշտ հակառակը: Ժամանակն եկել է, տղավարի, մարդավարի գործել: Դեմներդ ընդամենը ամենաթողությունից լկտիացող, բայց երկու րոպեում ցրվողներ են»: