ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հրապարակում է իր առաջին զեկույցը Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։
Նախորդող տարին մարտահրավերներով լի տարի էր մեր երկրում խոսքի ազատության, պատվի եւ արժանապատվության պաշտպանության համար։ Այս ժամանակահատվածում տարբեր հարթակներում, հատկապես՝ սոցիալական հարթակներում, վիրավորանք, ատելություն, զրպարտություն, հայհոյանք պարունակող մեկնաբանությունները, տարբեր ուժերի կողմից կառավարվող ֆեյք հաշիվները, կեղծ լուրերը, պաշտոնատար անձանց կողմից՝ մարդու իրավունքները ոտնահարող հայտարարությունները, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, լրագրողների նկատմամբ ճնշումները էապես ձեւախեղել են խոսքի ազատության վերաբերյալ մեր հասարակությունում առկա պատկերացումները, ինչը ինքնին սպառնալիք է ժողովրդավարական արժեքների համար։ Այդ իսկ պատճառով զեկույցում քննարկել ենք վեր նշված բոլոր խնդիրները։
Ընդ որում, ոչ միայն փորձ է արվել համակողմանի վերլուծել առկա խնդիրները, այլեւ ներկայացված են խնդիրների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումները եւ միջազգային լավագույն փորձը՝ պիցցագեյթից մինչեւ կեղծ լուրերի դեմ վերջին օրենսդրական կարգավորումները եվրոպական երկրներում։ Զեկույցում կգտնենք բացառապես մասնագիտական եւ հավասարակշռված վերլուծություններ վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաների՝ Դուխով Հայաստանի, «Antifake.am» կայքի վերաբերյալ հրապարակումների, իշխանական պատգամավորների եւ ոչ իշխանական դերակատարների նկատմամբ ֆեյքային հարձակումների եւ մի շարք այլ թեմաների վերաբերյալ։
Բացի դրանից զեկույցում ներկայացված են նաեւ առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները՝ ներպետական օրենսդրության եւ ձեւավորված պրակտիկայի հաշվառմամբ։ Կարծում ենք՝ զեկույցը պիտանի կլինի ոչ միայն ոլորտի մասնագետների,իրավապաշտպանների, այլ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում խոսքի ազատության հիմնախնդիրներով։
Հ.Գ.Զեկույցով հետաքրքրված լրագրողներին, ովքեր ցանկանում են իրենց հարցերը ուղղել, կխնդրեի նախապես տեղեկացնել, թե ինչ ձեւաչափով է առավել նպատակահարմար իրականացնել քննարկումները՝ մեր համատեղ աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Հ.Հ.Գ. Շնորհակալություն եմ հայտնում զեկույցի վրա օրինբուն քրտնաջան աշխատած մարդկանց՝
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ փայլուն ուսանողներին եւ մեր հասարակական կազմակերպության աջակիցներին, որոնք իրենց հետազոտություններով մեծ ներդրում են ունեցել զեկույցը պատրաստելու գործընթացում»: