ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Եթե չլիներ Թավշյա Հեղափոխությունը...

- չէինք ունենա երկու բացառիկ ընտրություններ՝ թափանցիկ և ազատ

- քաղաքացի-պետություն համագործակցությունը չէր ամրապնդվի, դրա արդյունքում չէր տպվի 65 մլն հատ ավել ՀԴՄ կտրոն՝ հավաքագրելով ավելի քան 100մլն դոլար

- չէինք ունենա ստվերի դեմ պայքար. ստվերի դեմ պայքարում չի կիրառվել որևէ ռեպրեսիվ մեթոդ

- շինարարության 20% աճ չէինք գրանցի, որն, ըստ էության, շինարարական բում է

- չէինք ունենա 49 ծրագրերով 765մլն դոլարի ներդրում՝ իրատեսական իրագործմամբ

- 38.000 ուսուցչի աշխատավարձ չէր բարձրանա սեպտեմբերից

- քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձ 20-30% չէր բարձրանա մայիսի 8-ի ավագանու հաստատումից հետո

- զինծառայողների աշխատավարձ 10% չէր բարձրանա

Սա 2 րոպե ամփոփմամբ ընդամենը…»,- գրել է պատգամավորը՝ կիսվելով civilnet.am-ի տեսանյութով, որտեղ պատվում է, թե ինչ կլիներ, եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը:

 

 

Որոշ դրվագներ էլ մենք ավելացնենք, և վերջապես, եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը, Սոնա Ղազարյանը հազիվ թե լիներ ԱԺ պատգամավոր, ավելին՝ նրա սկեսրայրի ուսանող եղբորորդի Ռուբեն Բանուչյանն էլ՝ նրան խորհրդական:

«Ռուբեն Բանուչյանը քաղաքացիական ակտիվիստ է, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ է, և մեր ծանոթությունը որևէ կապ չունի իմ բարեկամ լինելու հետ»,- պարզաբանել է Սոնա Աղեկյանը։

Ի դեպ, օգնականն էլ «Ռեստարտ» խմբի անդամ է, և ինչպես վերջիններս այնպես էլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարականական կազմակերպության անդամները պետական օղակներում լավ տեղեր են զբաղեցնում։ Նկատեն՝ պատգամավորը 2017-2018 թթ. հասարակական կազմակերպության լրատվության փորձագետն ու մշտադիտարկման մասնագետն է եղել։ 2018 թ. սեպտեմբերից միչև 2019 թ. հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք), արդեն 2018 թ. դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում:

26-ամյա օրիորդին, փաստորեն հանգիստ չեն տալիս իր մասին խոսակցությունները: Վերջինս քիչ առաջ կրկին որոշել է արձագանքել և օրենսդրական հիմնավորումներ ներկայացնել իր օգնականի ընտրության հարցում: «Խորհրդարանում նոր քայլել սովորող» պատգամավորն այս անգամ էլ փորձում է օրենսդրական դասեր տալ հասարակությանը: 

«Չէի արձագանքի, բայց քանի որ ակտիվորեն տարածվում են անհիմն մեղադրանքներ, ստորև ներկայացնում եմ մի քանի կետ ՀՀ օրենսդրությունից։ Եթե նպատակն ուղղակի սեւացնելն ու հների հետ անպայմանորեն տհաճ զուգահեռներ անցկացնելը չէր, ապա կարելի էր մի թեթեւ ուսումնասիրել համապատասխան օրենսդրական դրույթները «բացահայտումներ» անելուց առաջ։

Մի փոքրիկ օրենսդրական շրջայց. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ

Օգնական ընտրելու հարցում պատգամավորը որևէ սահմանափակում չունի, և առաջնորդվում է հետևյալ օրենքներով.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 
Հոդված 11.

2. Պատգամավորի գործունեության մասնագիտական սպասարկումն ապահովում են նրա օգնականները և Ազգային ժողովի աշխատակազմը: 
4. Պատգամավորի ՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում իր դիմումի համաձայն և պատգամավորի ներկայացմամբ՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով:

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 8. Հայեցողական պաշտոնները

Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնը հայեցողական է։

Հոդված 23. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

8) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ)»,- գրել է Սոնա Ղազարյանը