Արցախի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ «Արցախպրեսին» տված հարցազրույցում:
Նշենք, որ վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսեւորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:
Նրա խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի քայլերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել, տեսանելի է, որ այդ երկրի զինուժը խնդիր է դրել՝ ամեն գնով վնաս պատճառել՝մարդկային, թե նյութական, դա նրա համար այս փուլում, կարծես թե, այդքան էլ էական չէ. «Կարեւորը՝ հայկական կողմի վրա ճնշումների փորձեր ձեռնարկելն է, ինչը չի կարող ՊԲ-ի կողմից անպատասխան մնալ»,-ասաց Աբրահամյանը:
Անդրադառնալով նրան, որ վերջերս ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվություն էր տարածվել, թե հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ, Աբրահամյանն արձագանքել է. «Ադրբեջանն այդպիսի ապատեղեկատվության տարածմամբ հիմք էր նախապատրաստում ակտիվանալու եւ ինչպես տարբեր փուլերում ենք տեսել, սադրանքները սկսեց տեղեկատվական նախապատրաստմամբ: Պատահական չէր, որ ՊԲ-ն օպերատիվ արձագանքել էր այդ ապատեղեկատվությանը՝ հաշվի առնելով, որ ծանոթ ենք նմանատիպ բովանդակությամբ տեքստերից հետո առաջնագծում նախկինում տեղի ունեցած զարգացումների փորձին:
Սրան զուգահեռ, երկար ժամանակ է, Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը ջանքեր չի խնայում իր զինված ուժերի մասին «հերոսական ճանապարհ» կերտելուն, որը հիմնականում դրսեւորվում է տարբեր հատուկջոկատայինների մասին կեղծ, հերոսական էջեր կերտելու եւ իր տարբեր մասշտաբների զորավարժություններին ընդգծված քարոզչական բնույթ հաղորդելուն: Ադրբեջանական քարոզչամեքենան աշխատանքներ է տանում ոչ միայն երկրի ներսում, այլ տեղեկատվական դաշտում գործիքներ է կիրառում՝ փորձելով ներազդել նաեւ հայ հանրության վրա»:
Տիգրան Աբրահամյանի խոսքով. մայիսյան եռատոններին ընդառաջ Արցախի պաշտպանության բանակը տոնական, ոչ տոնական օրերին, առաջնագծում ստեղծված ցանկացած իրադրության ժամանակ իր ծառայությունը տանում է բարձր մակարդակով՝ պատրաստ լինելով կանխելու հակառակորդի ցանկացած փորձ, որը կարող է վտանգ առաջացնել իրադրության հետագա բարդացումների վրա. «Արցախի հետ շանտաժի, սպառնալիքի լեզվով խոսել չի ստացվի»: