Աժ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գեներալ Ֆրանկոյի ռեժիմի տապալումից հետո առաջին անգամ ծայրահեղ աջերը պատկառելի ներկայություն կունենան իսպանական խորհրդարանում: Մոտավորապես նույն պատկերն է գրեթե ողջ Եվրոպայում, որը մասամբ հիշեցնում է նախապտերազմյան 1920-30-ական թվականները, երբ, դեռ ոչ բոլորն էին լուրջ վերաբերում ծայրահեղ աջակողմյան գաղափարների տարածմանը, դրանց աճող պահանջարկվածությանն ու վտանգավորությանը: Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները, վստահաբար, այս ճամփին մի ծանր քար էլ կավելացնեն:
Ընդհանրապես, դասական քաղաքական հոսանքներն ու կուսակցությունները, դասական քաղաքականությունն ինքը խորը ճգնաժամ է ապրում ողջ աշխարհում: Օրինակ, լիբերալ-դեմոկրատական քաղաքական հոսանքն արդեն վաղուց եվրոպական մայրցամաքում երրորդ ուժը չէ` պահպանողականներից ու սոցիալ-դեմոկրատներից հետո. այն վաղուց պարտվել է պոպուլիզմին, որպես քաղաքական խորացող համաճարակի:
Հ.Գ. Իսկ Եվրոպայում, նաև Հայաստանում, դեռ կան ուժեր ու անհատ գործիչներ, որոնք պոպուլիզմի դոմինանտության այս պատմափուլում լիբերալ-դեմոկրատական արժեքներ են քարոզում, պոպուլիզմի մեկից մեկ «հաղթող» մենյուն գրպանները դրած...»: