01:49
«Հայաստանի քրեակատարողական համակարգը մինչ օրս կրում է սովետական «բանտային» համակարգի արատավոր ժառանգությունը»․ Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԱԾ-ի վերջին օրերին իրականացրած օպերատիվ միջոցառումները արձանագրեցին խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում էին թե իրավապաշտպանները, թե քաղաքական ընդդիմախոսները, թե միջազգային տարբեր կառույցներ։ Փաստորեն, Հայաստանի քրեակատարողական համակարգը այն եզակի կառույցներից մնաց, որը մինչ օրս կրում է ՍՈՎԵՏԱԿԱՆ «բանտային» համակարգի ողջ արատավոր ժառանգությունը։ Սա այն եզակի փակ համակարգերից է, որտեղ պերմանենտ բարեփոխումների արդյունքում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են արձանագրվում, և թերևս միակ էական փոփոխությունը այս համակարգի տեղաշարժն էր ՆԳՆ-ից արդարադատության նախարարության համակարգ, ինչը սոսկ մեխանիկական փոփոխության տպավորություն թողեց` արդյունքում բերելով այնպիսի բացասական հետևանքներ, ինչպիսիք են օպերատիվ կապի թուլացումը համապատասխան օպերատիվ ծառայությունների հետ և համակարգի ղեկավարի (տվյալ դեպքում արդարադատության նախարարի) վերահսկողության թուլացումը համակարգի նկատմամբ։ Դրան զուգահեռ շարունակեցին գոյություն ունենալ խորհրդային նեխած համակարգին բնորոշ այնպիսի ախտեր, ինչպիսիք են.
– հանցավոր բարքերը կալանավայրերում, ինչի հետևանքով պատահական կամ անզույշ սայթաքում թույլ տված անձը այդ բարոյական «մսաղացից» դուրս էր գալիս արդեն որպես կրիմինալ բարքերի կրող կամ էլ բարոյապես կոտրված անհատ,
– կապը արտաքին կրիմինալ հանրույթի հետ, ինչը նպաստում էր հանցավորության աճին և նոր տիպի հանցագործությունների ի հայտ գալուն,
– դատապարտյալների ծայրահեղ վատ կենցաղային պայմանները,
– կոռուպցիոն դրսևորումները պետական գնումներում, դատապարտյալների հետ ոչ կանոնադրական և ապօրինի հարաբերություններում և այլն, և այլն…

Ո՞րն է լուծումը. կտրուկ միջոցներ, ոչ ստանդարտ քայլեր և բարեփոխումների նոր հայեցակարգ։ Ակամայից հիշեցի մեր հարևաններին, ում մոտ մի տասնհինգ տարի առաջ քրեակատարողական հիմնարկները (թերևս նաև ողջ երկիրը) ղեկավարում էին քրեական տարրերը, իսկ կալանավայրի ադմինիստրացիան նրանց սպասարկող անձնակազմի դեր էր կատարում։ Վրացի բարեփոխիչները շատ կտրուկ և խիստ, ինչ որ տեղ ասեմ նաև դաժան գործիքակազմով կարգի բերեցին իրավիճակը այս համակարգում։ Հետո իհարկե, քաղաքական հորձանուտում, հիմնականում քաղաքական շահերի հիմքի վրա, բացահայտվեցին դեպքեր, որոնք օրենքի կոպիտ խախտման, խոշտանգումների դրսևորումներ էին պարունակում, բաjց ինչպես ասում են «Лес рубят — щепки летят» …

Արդյունքի հասնելու և քրեակատարողական համակարգում իրապես վիճակ փոխելու համար շատ հստակ և խիստ կառավարմանը զուգահեռ պետք է կտրուկ բարեփոխումներ իրականացնել, չխորշելով և չվախենալով քննարկել ծայրահեղ և ոչ ստանդարտ լուծումներ, ընդհուպ մինչև մասնավոր սեգմենտի ներգրավումը ՔԿՀ համակարգի կառավարման գործառույթում։ Էլ չասեմ այնպիսի ընդունված և արդյունավետ գործիքների մասին, ինչպիսիք են.
– ազատազրկման հետ չկապված պատիժների ծավալների ընդլայնումը, ինչը կբերի համակարգի բեռնաթափման և ծախսային խնայողությունների,
– պրոբացիոն ծառայության գործառույթների ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը, ինչն արդյունավետ կդարձնի այլընտրանքային պատիժների կիրառումը և դատապարտված անձանց սոցիալիզացիան,
-բժշկական, սննդի և այլ ծառայությունների ԱՈԻԹՍՈՐՍԻՆԳԸ, ինչը կբարձրացնի այդ ծառայությունների որակը` ապահովելով միաժամանակ պետության ծախսերի օպտիմալացում,
– ծառայության տեխնիկական վերազինումը,
– դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, ինչը նպաստելու է պատիժների կատարման ոլորտում օրինականության ապահովմանը»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս