15:01
Հայաստանի ազգային պատկերասրահը հայտարարություն է տարածել

Հայաստանի ազգային պատկերասրահը հայտարարություն է տարածել պատկերասրահից մշակութային արժեքների անհետացման լուրերի վերաբերյալ. «Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես տեղեկացնում է.

Նախորդ օրը մամուլում և հեռուստաընկերություններում տեղ գտած և մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրև թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը:

Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: Փաստացի առկայության ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր և իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ:

Հարգելի լրագրողներ որևէ նյութ հրապարակելիս խնդրում ենք չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից, ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ, չզբաղվել զազրախոսությամբ և զերծ մնալ Հայաստանի Մայր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, անունն անհարկի շահարկելուց ու չփորձել մոլորեցնել մեր հասարակությանը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի ազգային պատկերասրահից 120մլն ՀՀ դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհետացել:

Առաջարկում ենք նաև
Լրահոս