ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
« Մոմավառություն Դադիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների:
Այս պահին Արցախում ենք՝ հռչակավոր Դադիվանքում: Այստեղ ամբողջությամբ տիրում է հայկականություն և քրիստոնեության հաղթական ոգին: Այդ հաղթանակը կերտել են մեր նահատակված և կենդանի հերոսները:
Համոզված եմ՝ մեր ազգի մեծ հաղթանակները դեռ առջևում են: Ինչպես կասեր Նժդեհը. «Հոգեպես մանրանում և ճահճանում են միայն ներկայով կլանված ազգերը: Կես կյանքով են ապրում այն ժողովուրդները, որոնք իրենց կյանքին չեն խառնում իրենց անցյալի պատկերն ու ապագայի հույսերը»:
Այստեղ՝ Արցախում, կամրջվում են մեր ազգի անցյալի պատկերն ու ապագայի լուսավոր հույսը:
Հ.Գ. 1990թ. ապրիլի 2-ին Աշոտ Նավասարդյանը Անկախության բանակի հիման վրա հիմնադրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի նպատակն էր ազգային ու հզոր պետականության կերտումն ու Արցախի ազատագրումը:
Հիմնադրումից 29 տարի անց մեզ՝ հանրապետականներիս համար, Արցախի հարցի հայանպաստ լուծումը շարունակում է մնալ գլխավոր առաջնահերթություններից մեկը:
Մեր աղոթքներն առ Աստված մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Հայոց Սփյուռքի եռամիասնությանն է ուղղված:
Հավերժ փա՜ռք, մեր նահատակ հերոսներին»: