Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։
Ադրբեջանական կողմի այս սադրիչ քայլը ցույց է տալիս, որ Բաքուն տրամադրված չէ գալ կառուցողական դաշտ, իսկ Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված սահմանին լարվածությունը թուլացնելու շուրջ բանավոր պայմանավորվածությունը Բաքվի համար ընդամենը հերթական ոչ մի պարտավորություն չստեղծող համաձայնություն է, որը ցանկացած պահի կարող է խախտել: Կարծում եմ նաև՝ զուր են այն հույսերը, թե միջազգային հանրության ճնշման ներքո Բաքուն կխուսափի շփման գծում լարվածության մեծացումից: Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը սպասում է հարմար իրավիճակի ռազմական գործողություներ սկսելու համար: