Pawsitive Rescue Armenia - Փոուզիթիվ ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել, որին կից գրված է.
«Կարծես թե անգամ մեկ օր չի լինում անցկացնել առանց դաժան տեսարանների ականատես լինելու։
Դեպքը տեղի ունեցել Էրեբունիում, կատուն ունի տեր, բայց նաեւ շրջում է կողքի սեփական տների տարածքներով։ Հարեւաններից մեկը, ով պահում է աղունիկներ, նրանց ապահովության համար շատ հաճախ դիմում է նման քայլերի եւ վնասում կատուներին։ Կոնկրետ այս կատվի վրա նա եռման ջուր է լցրել։ Խեղճ կատուն այս պահին գտնվում է կլինիկայում, վիճակը բավականին ծանր է, մարմինը, դեմքը ամբողջությամբ այրված։
Հուսով ենք, անմեղ կենդանին կկարողանա պայքարել իր կյանքի համար եւ շուտ կապաքինվի։
Որքան դեպքերի մասին մենք դեռ չենք էլ իմանում...
Ավելորդ ենք համարում կրկնել օրենքի բացակայության ազդեցության մասին։
Սակայն խնդրում ենք տարածել, թող նորից բոլորը տեսնեն, հատկապես պատկան մարմինները, որ օրեցօր մարդիկ ավելի դաժան են դառնում եւ դիմում ծայրահեղ վայրագության»։