Սիրելի ծխող և չծխող ընկերներ։ Ինչպես խոստացել էի պատմեմ, թե ինչու եմ աջակցում Արսեն Թորոսյանի առաջարկին՝ ծխելու սահմանափակման վերաբերյալ։
Առայժմ կանդրադառնամ ըդնհանուր սկզբունքներին, մանրամասների մասին խոսելու առիթ դեռ կլինի։ Կաշխատեմ չկրկնել արդեն իսկ հնչած փաստարկները։ Իսկ տեքստի վերջում նաև կլինի իմ անձնական կոչը և խոստումը՝ իմ ծխող ընկերներին։
1․ Նախ, եկեք արհեստական բաժանումներ չանենք՝ ծխողների և չծխողների միջև։ Այսօրվա ծխողը վաղվա չծխողն է (երբեմն նաև հակառակը)։ Ի վերջո, ես էլ, այնպես չէ, որ կյանքումս չեմ ծխել։ Ճիշտ է, հիմա ընդհանրապես չեմ ծխում, և չեմ էլ պատկերացնում, թե ինչ պիտի պատահի, որ ծխեմ, բայց դե ոչինչ չեմ կարող բացառել։ Ամեն դեպքում կան բազմաթիվ ծխողներ, ովքեր կողմ են կամ առնվազն դեմ չեն այս օրենքին, ոմանք էլ ակտիվորեն կողմ են։ Կան նաև չծխողներ, ովքեր դեմ են, ճիշտ է, շատ քիչ են, բայց կան։ Եկեք արհեստական ինքնություններ և արհեստական բաժանումներ չստեղծենք։ Սա պայքար չէ ծխողների դեմ, ոչ էլ նույնիսկ ծխելու դեմ, սա պայքար է ծխելու բացասական հետևանքների դեմ (տես՝ հաջորդ կետը)։
2․ Միանգամայն համաձայն եմ այն փաստարկի հետ, որ ծխելը, ինչպես և ցանկացած այլ վնասակար սովորություն կամ կախվածություն, հնարավոր չէ պարզապես արգելել։ Ավելին, բացարձակ արգելքը կարող է բերել էլ ավելի վատ հետևանքների։ Բայց հնարավոր և անհրաժեշտ է սահմանափակել և նվազագույնի հասցնել այդ կախվածության արդյունքում մարդկանց հասցվող ՎՆԱՍԸ։ Հենց դրան է միտված այս օրենքը։ Ոչ ոք չի խոսում ծխելն ընդհանրապես արգելելու մասին։ Խոսքը միայն որոշակի վայրերում ծխելն արգելելու մասին է, այլ կերպ ասած, ծխախոտի օգտագործումը սահմանափակելու և կարգավորելու մասին է։ Այսինքն, ծխողները հնարավորություն կունենան շարունակել ծխել, ԻՆՉՔԱՆ ուզում են և ԵՐԲ ուզում են։ Պարզապես, նրանք չեն կարողանա ծխել ԱՄԵՆ ՏԵՂ, որտեղ ցանկանան։ Ծխելու ցանկության դեպքում, մարդուն ընդամենը պետք կլինի դուրս գալ փակ տարածությունից բաց տարածություն և այնտեղ ծխել, ինչքան կցանկանա։
3․ Համոզված եմ, որ մարդ ունի ընտրության իրավունք, նա ինքը պետք է տնօրինի իր մարմինը և իր առողջությունը, և պետությունը չպետք է նրան պարտադրի այս կամ այն ընտրությունը։ Մարդը ինքը պետք է որոշի՝ ծխել թե ոչ, իհարկե, գիտակցելով այդ որոշման հետ կապված բոլոր ռիսկերը և հետևանքները։ ԲԱՅՑ դրանով հանդերձ, ծխողը չպիտի իր ընտրությունը պարտադրի մնացածին։ Փակ հանրային տարածքում, ծխողն իր ծխելու որոշմանը կամա թե ակամա մասնակից է դարձնում նաև մնացած բոլոր ներկաներին։ Եվ ամենևին էական չէ, երկրորդային ծխի վնասն ապացուցված է, թե ոչ։ Նույնիսկ եթե ուսումնասիրությունները պարզեն, որ այն օգտակար է, ամրապնդում է մարդկանց առողջությունը և երկարացնում կյանքը, ոչ ոք՝ ծխող թե չծխող, պարտավոր չէ շնչել ուրիշների արտադրած ծուխը։ Առավել ևս, որ այս իրավիճակը բացառելու համար, ծխողին պետք է ընդամենը մի փոքր անհարմարության գնալ և դուրս գալ մաքուր օդ։
4․ Եվ ահա իմ կես լուրջ կես կատակ կոչը և խոստումը՝ ծխող ընկերներիս։ Սիրելիներս, առաջարկում եմ ձեզ աջակցել կամ գոնե չխանգարել այս օրենքին։ Եթե այն ընդունվի, հավատացեք, ձեզնից շատերը, ի վերջո, շատ գոհ են լինելու։ Որովհետև ամեն անգամ ծխելու համար դուրս կգաք մաքուր օդ, կշփվեք ծխելու դուրս եկած ուրիշ հիանալի մարդկանց հետ, նրանց հետ հաճելի զրույցների կբռնվեք։ ՈՒ համ էլ կծխեք միայն այն ժամանակ, երբ իրոք ուզում եք, այլ ոչ թե որովհետև շուրջը բոլորը ծխում են, ձեր ձեռքն էլ ինքնաբերաբար գնում է դեպի ծխախոտը։ Ես էլ խոստանում եմ, որ ամեն անգամ, երբ ցանկանաք ծխել, ձեզ հետ դուրս կգամ մաքուր օդ, կկանգնեմ ձեզ հետ, և կզրուցեմ հաճելի թեմաներից։ Դուք էլ ինձ բարեկամաբար սիգարետ կառաջարկեք, իսկ ես նույնքան բարեկամաբար կհրաժարվեմ։
ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանի ֆեյսբուքյան էջից: