Մեր մտահոգությունն ենք հայտնում 2019 թ. մարտի 12-ին մամուլում տեղ գտած Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հնարավոր օտարման հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ և անհրաժեշտ ենք համարում նշել, որ վարժարանի ղեկավարության հետ նման որևէ գործընթացի վերաբերյալ քննարկում չի եղել:

Մեկնաբանելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը՝ հարկ ենք համարում նշել, որ պետգույքի կառավարման կոմիտեից որեւէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը չի քննարկել կառույցի գործունեության նպատակահարմարությունը։ Վարժարանը տեղափոխման օրվանից լիովին օժտված է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական և մարզական պայմաններով, շարահրապարակներով, վարժասարքերով և արգելագոտիներով: Որևէ շքեղություն կամ ռազմական ուսումնական հաստատությանը ոչ հարիր երևույթ տեղ չունի մեր դարպասներից ներս:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարժարանի կազմակերպաիրավական ձևը հիմնադրամ է, որի կանոնադրությունը հաստատվել է կառավարության կողմից: Բարձրագույն ղեկավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որն էլ ի պաշտոնե գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարը: Որևէ ցուցում կամ կարգադրություն նախարարի կամ խորհրդի կողմից գույքը օտարելու վերաբերյալ առ այսօր վարժարանի ղեկավարությունը չի ստացել:

Վարժարանը մնում է հավատարիմ իր արժեքներին՝ գրագետ ու հմուտ ապագա զինվորականներ նախապատրաստելու դժվարին գործն անխոնջ կատարելով։ Զգալի է վարժարանի ներդրումը մեր զինված ուժերի գործունեության մեջ, եւ հատկանշական է, որ վերջին երկու տարիների ընթացքում կառույցն արձանագրում է միայն նվաճումներ։ Տարեցտարի ավելանում է դիմորդների քանակն, ու բարձրանում է ընդունելության շեմը, վարժարանն աչքի է ընկնում իր սաների առաջադիմությամբ միջազգային ստուգատեսներում։

Վարժարանի ղեկավարությունը կոչ է անում բոլորին ցուցաբերել առավելագույն նրբանկատություն հատկապես, երբ խոսքը գնում է ռազմական մասնագիտության ուղղությամբ իրենց առաջին քայլերն անող մեր ապագա սպաներին։


Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ղեկավարություն