ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  և «ԿՆԱՈւՖ Արմենիա» ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈւՖ Արմենիա»-ի տնօրեն Գագիկ Ջրբաշյանը:

[gallery id= 62147]

«Վերջին ամիսներին մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի բիզնեսին բերենք կրթության ոլորտ, համագործակցենք ու մեր կրթական ծրագրերն ու ծառայություններն առաջարկենք նրանց: Անցյալ տարի արդեն իսկ մի շարք պայմանագրեր ենք ստորագրել»,- շեշտեց նախարարը:

Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրման արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ: Ընկերությունն էլ իր հերթին հնարավորություն է ստեղծելու համալսարնում լաբորատորիա հիմնելու:

«Հուշագրի համաձայն՝ նախարարությունը պարտավորվում է կատարելագործել նախնական (արհեստագործական) և միջին-մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային ծրագրեը և այլն»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Նախարարությունը նաև պետք է նպաստի շինարարական ոլորտի մասնագիտությունների գծով նպատակային նախապատրաստմանը: Շինարարական ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավման նպատակով կներդրվեն «ԿՆԱՈւՖ» ընկերության կողմից մշակված ուսումնական ձեռնարկները և այլն:

Գագիկ Ջրբաշյանն ընգծեց, որ  մասնագիտությունը, որ պատրաստվում են ներդնել, կոչվելու է «Կարկասային երեսապատման կոնստրուկցիաների մոնտաժորդ»:

«Հույս ունեմ, որ այս տարի այդ ուղղվածությամբ Հայաստանում կկարողանանք մասնագետներ պատրաստել: Պատրաստվում ենք աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը»,- նշեց Ջրբաշյանը և հավելեց, որ ցուցաբերելու են մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈւՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈւ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը:

Արայիկ Հարությունյանը նաև շեշտեց, որ ներդրվող մասնագիտության չափորոշիչները ներկայում մշակվում են և, հավանաբար, սեպտեմբեր ամսից կկարողանան ուսուցանել այն: Հետագայում հնարավորություն կլինի ընդլայնել համագործակցությունը: